«Յասեր Արաֆատն ինձ կոչում էր «բռնապետ» և «դիկտատոր», բայց և այնպես ինձ պարգևեց լուսանկարելու աննախադեպ արտոնությունը», -անձնական իր հուզիչ պատմություններից

հիշեց ՙՆեշընալ Ջեոգրաֆիք՚ / «National Geographic»/ պարբերականի ֆոտոլրագրող, ամերիկահայ Ալեքսանդրա Ավագյանը:
Այսօր նա կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում վարպետության դաս անցկացրեց ապագա և գործող լուսանկարիչների ու լրագրողներ համար:
Ալեքսանդրա Ավագյանը ուսանողների հետ կիսվեց մասնագիտական իր անցած ճանապարհով` ներկայացնելով էքստրեմալ իրավիճակներում արված իր լուսանկարները: Նա ցուցադրեց վավերագրած այնպիսի կարևոր իրադարձություններ, ինչպիսիք պաղեստինցիների «Ինթիֆադան», «Հզբոլլահի» գաղտնարանները, քաղաքացիական պատերազմն ու սովը Սոմալիում, Սուդանում, ինչպես նա 1988 թ. Սպիտակի երկրաշարժը և Ղարաբաղյան պատերազմը:

Լինելով Իրանում, Իրաքում, Գազայի հատվածում, Աֆրիկայում, Պաղեստինում, Արցախում և այլ թեժ կետերում, վավերագրելով համաշխարհային կարևորագույն իրադարձությունները` լուսանկարչուհին ուսանողներին պատմեց իր կրած դժվարությունների, յուրաքանչյուր վայրում ունեցած խնդիրների, տարբեր մարդկանց հետ ունեցած շփումների մասին:
Սակայն, այնուամենայիվ ներկաներին խորհուրդ տվեց հեռու մնալ նման իրավիճակներում աշխատելուց: ՙՆման իրավիճակներում գտնվելու համար պետք է լինես ուժեղ, հետ չկանգնես, հիշես, որ քո գործը վավերագրությունն է, և քո տառապանքը պետք է տեսանելի լինի բոլորին` լուսանկարների տեսքով: Շատ կարևոր է մինչ այդ դաշտ մտնել տիրապետել անձնային հոգեբանական մի շարք պատրաստվածությունների:
Ես մարդկանց հետ կապվում եմ այլ մշակույթները վավերագրելով, և մշակութային կամուրջներ եմ ստեղծում նրանց միջև՚,- ընդգծեց ամերիկահայ ֆոտոլրագրող Ալեքսանդրա Ավագյանը:
Խոսելով պատվերով արված լուսանկարների առանձնահատկությունների մասին, լուսանկարչուհին ասաց, որ պատվիրատուն միշտ իմանում է իր առանձնահատկությունները. ՙՀոգիդ ևներաշխարհդ միշտ պետք է պահես ինչ էլ որ լինի, չպետք է ծախվես մի քանի դրամի համար, փողն այս աշխատանքում ոչինչ է՚: Իր հաջողության գինը նա համարեց այն, որ երբեք չի մոռացել և մոռանում այն մարդկանց, ովքեր եղել են իր կյանքում և այսօր չկան, հիշողություններ` դառը անցյալից:
Վերջում լավ լուսանկարիչ դառնալու համար Ալեքսանդրան ուսանողների խորհուրդ տվեց շատ աշխատել, ինքնաքննադատող լինել և միշտ լսել իրենց ներքին ձայնին:
Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ և հանդիպման կազմակերպիչ Ռուբեն Երզնկյանը շատ է կարևորում նման վարպետության դասերի անցկացումը: ՙՆման հանդիպումները նպաստում են ավելի լավ ուսուցմանն ու ավելի լավ մասնագետներ պատրաստելուն, ինչպես նաև ուսանողների մեջ իրենց մանսագիտության հանդեպ սերն ավելի է ամրապնդում՚:
Ի դեպ, մինչ այս հանդիպումը Ալեքսանդրա Ավագյանը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում ներկայացրել է իր «Ոգու պատուհաններ՝ իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» ( «Windows of the soul. my journeys in the muslim world») ցուցահանդեսը, որը կգործի միչև դեկտեմբերի 15-ը:
Նրա լուսանկարները հրատարակվել են “National Geographic”-ում, “ The Times”-ում, “The New York Times”-ում և ԱՄՆ-ի ու Եվրոպայի բազմաթիվ այլ հեղինակավոր պարբերականներում: