ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային մասնագետները վերապատրաստում են հատուկ մանկավարժներին
09.11.2012
Մանկավարժական համալսարանի, Պերկինս միջազգային դպրոցի (ԱՄՆ) և «Ձեզ համար» հասարակական կազմակերպության եռակողմ համագործակցության արդյունքում Հատուկկրթության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները վերապատրաստվում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը:
2011 թվականի հունվարին մեկնարկած ծրագրի նպատակն է կրթել և վերապատրաստել տեսողական խանգարում և բազմակի արատներ ունեցող երեխաների հետ աշխատող հատուկ մանկավարժներին:
Համագործակցության շրջանակում Հայաստան են հրավիրվում այն մասնագետները, ովքեր արդեն վերապատրաստվել կամ սովորել են այդ բարձրագույն դպրոցում:
Սեմինարներն ու պրակտիկ վերապատրաստումներն անցկացվում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը, ուր գտնվում են 6-18 տարեկան ֆիզիկապես և մտավոր ծանր խնդիրներ ունեցող երեխաներ: Ի դեպ, այդ մանկատանն է գտնվում նաև ՀՊՄՀ Հատուկ կրթության ֆակուլտետի Էրգոթերապիայի բաժինը:
Երաժշտաթերապիայի, խաղաթերապիայի, արտթերապիայի և այլ մեթոդներով նրանք սեմինարների նյութն ամրապնդում են գործնականորեն. խմբային աշխատանքների միջոցով հետևում են տարբեր խնդիրներ ունեցող երեխաների գործողությունները օրվա տարբեր փուլերում և վերապատրաստող մասնագետի ուղեկցությամբ կիրառում նոր մեթոդներ:
Վերապատրաստվողների այս խմբում ընդգրկված են ինչպես Մանկավարժական համալսարանի դասախոսներ և ուսանողներ, այնպես էլ տարբեր մանակատների և հատուկ դպրոցների մասնագետներ` 27 մասնակից:
Վերապատրաստումների այս 3-րդ փուլում Պորտուգալիայից Հայաստան է ժամանել Իզաբել Ամարալը: Վերջինս ավարտել է Պերկինսի բարձրագույն դպրոցը և այս ծրագրի շրջանակում վերապատրաստում է տարբեր երկրների մասնագետներին:
Այս խմբի հետ աշխատելիս Իզաբել Ամարալը համոզվել է, որ Հայաստանում հասարակությունը անկարող մարդկանց դեռևս չի դիտարկում որպես միջավայրի լիարժեք անդամ:
Փորձի փոխանակման, նոր մեթոդների կիրառման ընթացքում նա նկատել է՝ մարդիկ դեռ հստակ պատկերացում չունեն այս երեխաներին կրթելու նորագույն մեթոդների մասին:
«Հասարակության և երեխաների հետ մեծածավալ աշխատանք կատարելուց հետո միայն կարելի է կազմակերպել ներառական կրությունն այդ միջավայրում: Իսկական ներառական կրթության գաղափարի իրականացման համար գործող հաստատություններում սեմինարների կազմակերպումը համարում եմ և նպատակահարմար, և արդյունավետ»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Իզաբել Ամարալը:
Պերկինսի բարձրագույն դպրոցը մանկատան հետ համագործակցում է 2010 թվականից, քննարկումներից, ծանոթությունների և այլ գործընթացներից հետո որոշվել է ավելի ընդլայնել համագործակցության սահմանները:
Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը բարձր է գնահատում այդ համագործակցությունը՝ նշելով. «Մանկատան մասնագետները բազմիցս վերապատրաստվել են տարբեր երկրներում, սակայն այս համագործակցության արդյունքում նրանք հաղորդակից են լինում համաշխարհային փորձին ու նորագույն մեթոդներին. այս սեմինարները լրացնում են ոլորտի բացթողումները՝ նպաստելով, որ տարբեր արատներ ունեցող մանակատան երեխաները նույնպես ընդգրկվեն ներառական դպրոցներում»:
Տնօրենը բազմիցս բարձրաձայնել է հատուկ մանկավարժների ուսումնական ծրագրում փոփոխություններ կատարելու խնդիրը: Նա համոզված է, որ ուսումնական պրոցեսում պետք է կարևոր տեղ հատկացնել «Մարդու անատոմիա» առարկային և ռեֆերատների ու կուրսային աշխատանքների փոխարեն ուսանողներից պահանջել մասնագիտացված դպրոցներում ակտիվ պրակտիկայի արդյունքներ:
Գյումրու Երեխաների տան հատուկ մանկավարժ Հասմիկ Ծվակերյանը նույնպես անցել է Պերկինսի բարձրագույն դպրոցի վերապատրաստման կուրսերը, սակայն համոզված է՝ յուրաքանչյուր վերապատրաստում նոր գիտելիք ու փորձ է տալիս մասնագետներին, փոփոխություններ մտցնում նրանց աշխատաոճում:
Սեմինարների համակարգող, Էրգոթերապիայի բաժնի դասախոս Մարիաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա գարնանը նախատեսված վերջին՝ 4-րդ փուլի ավարտից հետո ծրագրի լավագույն մասնակիցները կուղարկվեն ԱՄՆ և կսովորեն Պերկինսի բարձրագույն դպրոցում՝ ակնկալելով, որ վերադառնալուց հետո նրանք կվերապատրաստեն Հայաստանի հատուկ մանկավարժներին: