
Բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները Երևանի գրողների միության նախագահ, Ռուս գրականության ամբիոնի դասախոս Աբգար Ափինյանի նախաձեռնությամբ այցելեցին 1911թվականից Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում գտնվող Խենթի` Սամսոն Տեր-Պողոսյանի գերեզմանին` մատուցելու իրենց հարգանքի տուրքը:
Ուսանողներին ուղեկցում էին նաև ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը, Ա. Աբրահամյանի անվան հայոց լեզվի և գրականության մեթոդիկայի կաբինետի վարիչ Հասմիկ Սահակյանը և Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
Վերջինս մեծ ոգևորությամբ ուսանողներին մանրամասն պատմեց Խենթի և նրա կողքին հանգչող Մախլուտոյի մասին:
Տիգրան Պետրոսյանցը խոսեց նաև Եզր կաթողիկոսի մասին, բացատրեց միադավանության և երկդավանության իմաստները:

Աբգար Ափինյանը ցավով նկատեց, որ Հայաստանն այսօր միայն հայրենասեր մարդու կարիք ունի.իրավաբան, տնտեսագետ և այլ մասնագետներ ունենք, բայց ոչ հայրենասեր:
Վերջինս դիմելով ուսանողներին ասաց.«Շատ եմ կարևորում ապագա գրականագետների և բանասերների այստեղ գտնվելը: Երդվեք, լուռ երդվեք, առանց բարձրագոչ խոսքերի, մեր սրտի ամենամաքուր անկյուններում երդվեք աղոթելով, որ ողջ կյանքում հավատարիմ կմնաք այն ուխտին, որի համար ապրեցին և գերեզման իջան այս սուրբ մարդիկ: Ես ցանկանում եմ, որ գալիք նոր սերունդը լինի առյուծասիրտ հայրենապաշտների սերունդ»:
Ուսանողները լսեցին նաև կյանքի դժվարությունների և վատ երևույթների առջև չծնկելու մասին սարկավագ Վահեի առակներն ու առածները:
Վերադարձին ուսանողները ստացան Սուրբ Գայանե եկեղեցու քահանայի օրհնությունը`շարժվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

