Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի և երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 10-ին ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի անդամներն այցելեցին Նոյեմբերյանի զորամաս:
Կազմակերպված մշակութային-ժամանցային միջոցառմանը ներկայացվեցին ռազմահայրենասիրական և ազգային երգեր, որոնք մեծ ոգևորություն առաջացրին հայրենիքի սահմաններն օրուգիշեր պաշտպանող զինծառայողների մոտ՝ նպաստելով նրանց հայրենասիրական ոգու ամրապնդմանն ու տրամադրության բարձրացմանը:
Այցի շրջանակում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Զինվորական մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտության մագիստրատուրայի ուսանողները ծանոթացան մարտական ծառայություն իրականացնող զորամասի առօրյային, կենցաղային պայմաններին, ուսումնադաստիարակչական գործընթացի առանձնահատկություններին, և ճաշեցին զինվորական ճաշարանում:
Հատկանշական էր ուսանողների հանդիպումը ամիսներ առաջ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխած զինծառայողների հետ:
«Նմանատիպ միջոցառումները, հանդիպումները կարևորվում են նաև հետադարձ կապի ապահովման տեսանկյունից. հասարակության, ուսանողների ուշադրությունը,երախտագիտությունը նպաստում են զինծառայողների մոտ իրենց գործի նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը, հասարակության կողմից գնահատված լինելու զգացումի և գիտակցության էլ ավելի ամրապնդմանը»,-armspu.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը:
Վերջինս նման գործնական պարապմունքների իրականացումը կարևորեց նաև ուսուցման գործընթացում տեսության և պրակտիկայի միջև կապի ապահովման , ինչպես նաև ուսանողների՝ իրենց ընտրած մասնագիտության, զինվորական ծառայության նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման տեսանկյունից:
Այցերը կարևորվում են նաև ուսանողների հայրենաճանաչության, ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների իրագործման տեսանկյունից:
Զորամաս տանող ճանապարհն անցնում էր Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր, Բաղանիս, Ոսկևան սահմանամերձ գյուղերով: Ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու ճանապարհի երկայնքով ձգվող պետական սահմանը, խրամատում կանգնած հայ զինվորներին, երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած մարտական գործողությունների հետքերը, հակառակորդի մարտական հենակետերը, ադրբեջանական Մազամ գյուղը:
Այցի ընթացքում ուսանողներին ուղեկցեց երրորդ բանակային զորամիավորման հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Արա Սարգսյանը: Նա ուսանողներին հանգամանորեն ներկայացրեց տարածաշրջանի առանձնահատկությունները, հակառակորդի հետ շփման գծում տիրող իրավիճակը, մեր ստորաբաժանումների պատրաստվածության բարձր մակարդակը և դրվագներ մարտական գործողություններից:
Միջոցառման ավարտին Ուսանողական խորհուրդը հինգ զինծառայողների ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության և կարգապահության համար պարգևատրեց պատվոգրերով և նվերներով:
Հաճելի անակնկալ էր պատրաստել նաև զորամասի հրամանատար գնդապետ Վահագն Ասատրյանը. ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ցուցաբերած ակտիվության և համագործակցության համար Ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանին, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Հակոբ Թադևոսյանին և երկու ուսանողների հրամանատարը պարգևատրեց պատվոգրերով: