ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ հանրագիտարան` հատուկ մանկավարժների համար
12.11.2012
Հատուկ մանկավարժության ընդհանուր հասկացություններ, լոգոպեդիա, տիֆլոմանկավարժություն, օլիգոֆրենոմանկավարժություն, սուրդոմանկավարժություն: Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ լույս է տեսել «Հատուկ կրթության հանրագիտարան», որում կարելի է գտնել նշված բաժիններն ու դրանց վերաբերյալ բացատրություններ:
Այն հնարավորություն կտա ուսուցիչներին, դաստիարակներին և ծնողներին գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները, ստանալ ուսումնադաստիարակչական և շտկող մանկավարժական աշխատանքները ճիշտ և արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:
Հանրագիտարանը նախատեսված է կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի աշխատողների, մանկավարժական բուհերի, միջին մասնագիտական հաստատությունների, ուսանողների, մանկավարժական կադրերի վերապատրաստման և որակավորման մասնագետների, ինչպես նաև դաստիարակության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին համար:
Գրքում ընդգրկված են այն եզրաբառերը, որոնք ներկայացնում են «Հատուկ մանկավարժություն» և «Հոգեբանություն» դասընթացների տեսական, գործնական բովանդակությունը, մարդու մասին գիտական գիտելիքների կապը տարբեր ոլորտների`մանկավարժության, բժշկության, հոգեբանության հետ:
«ՀՀ պետական ռազմավարության շրջանակում, կրթական ոլորտում համալիր բարեփոխումներն ուղղված են ապագա սերնդի առողջապահության պահպանմանը, նրանց կրթադաստիարակչական գործընթացի կատարելագործմանը:Այսօր զարգացման խանգարումներով երեխաները դաստիարկվում և ուսուցանվում են. կարևոր է, որ նման մասնագետները տեղեկացված լինեն այդպիսի երեխաների զարգացման`ինչպես հոգեֆիզիկական առանձնահատկություններին, այնպես էլ ուսուցման դաստիարակության և խնամքի հարցերին»,-նշեց Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հատուկ կրթության հանրագիտարան»-ի խմբագիր Ռոբերտ Ազարյանը:
Հանրագիտարանում տեղ գտած նյութերի հեղինակները Մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության և հոգեբանության ոլորտի առաջատար մասնագետներ, դոկտոր,պրոֆեսորներ են:
Նշենք, որ բացի հատուկ մանկավարժության ոլորտի հիմնական տեղեկություններից, հանրագիտարանը ներառում է նաև հարակից գիտությունների`մանկավարժության, հոգեբանության, անատոմիայի, ֆիզիոլոգիայի, կլինիկական բժշկության, սոցիոլոգիայի, իրավագիտության մասին տեղեկություններ:
Հանրագիտարանում ներառված են նաև հատուկ մանկավարժության և հոգեբանության ոլորտի խորհրդային, արտասահմանյան մի շարք գործիչների կենսագրական տվյալներ: