Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Մովսիսյանն արդեն երրորդ անգամ կամավոր օգնում է արյան կարիք ունեցող մարդկանց:

Մարդասիրական այս նախաձեռնությունը Աննայի համար կարևոր նշանակություն ունի.«Նույնիսկ 40-ամյա մի կնոջ կյանք եմ փրկել»,- ժպիտով նկատում է նա:
Առաջին անգամ արյուն հանձնող դոնոր Անի Վերդյանը թեպետև չգիտի իր արյան կարգը, բայց առանց երկմտելու համաձայնել է մասնակցել ակցիային: Չնայած վախին ու լսած տարատեսակ ասեկոսեներին` Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողը պատրաստակամ է իր արյունը հանձնել նրան, ով դրա կարիքն ունի:
Մանկավարժական համալսարանի ուսանողների համար անվարձահատույց արյունատվությունն արդեն ավանդույթ է: Այս անգամ ակցիան նվիրված էր հարազատ բուհի հիմնադրման 90-ամյակին:
Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Մանկավարժականի 10-ը ֆակուլտետներից շուրջ 100 ուսանող այսօր այցելեցին Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն :
Արյուն տալուց առաջ երիտասարդ դոնորները լրացրին համապատասխան հարցաթերթիկը, բուժզննում անցան թերապևտի մոտ, որից հետո միայն նրանց թույլատրվեց կատարել արյունատվություն։
Ակցիային ներկա էր նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, ում համար անվարձահատույց արյունատվությունն անձնվեր գործ է:
«Ապագա մանկավարժը, ով գուցե թերի է տիրապետում իր առարկային, բայց պատրաստ է մազաչափ անգամ օգնել դիմացինին, ինձ համար իբրև մարդ կրկնակի է արժեք ունի:
Սա մի նախաձեռնություն է, որի ժամանակ դրսևորվում են մարդկային որակները, իսկ վերլուծություններն ու գնահատականները` դառնում ավելորդ»:
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Արյան դոնորների ռեեստրի ղեկավար Աննա Սահակյանն

ուրախությամբ է նշում`վերջին շրջանում ավելացել է արյուն տվող կամավոր երիտասարդների թիվը, իսկ նման ակցիաներն էլ դարձել են ավելի հաճախակի։
«Մանկավարժական համալսարանի ուսանողներն արդեն տարիներ շարունակ անհատույց դոնորներ են:
Կոչ եմ անում բոլորին միանալ նման նախաձեռնություններին, քանի որ մեր հանրապետությունում կա դրա անհրաժեշտությունը»։
Վերջինս մեկ անգամ ևս հիշեցրեց` արյանատվությունը բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը, իսկ բարոյական տեսանկյունից դա մարդասիրական մեծ գործ է: Ի վերջո, արյունն անփոխարինելի է և ոչ մի դեղամիջոց չի կարող լրացնել դրա պակասը: