ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեդալներ երկարամյա աշխատանքի համար
13.11.2012

Մանկավարժական համալսարանում 25 և ավելի, 40 և ավելի տարիներ աշխատած շուրջ 300 աշխատողների բուհի հիմնադրման 90-ամյակի առթիվ բուհի ռեկտոր, պատմական գիտությունների

դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը պարգևատրեց 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալով:
Շնորհավորելով պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմին` համալսարանի ռեկտորը նշեց. «Ցանկացած գործունեություն պայմանավորված է ժամանակով և պետք է գնահատականը տալ ժամանակի մեջ:
Մեր բուհի այսօրվա հաջողությունները ես վերագրում եմ նախորդ տարիների աշխատողներին:
Մեզնից յուրաքանչյուրն արել է ամեն ինչ, որ մեր երկիրը, ազգն ունենա արժանապատիվ ուսուցիչ, քաղաքացի, որոնցով պայմանավորված է ազգի զարգացումն ու երկրի ապագան:
Ցանկանում եմ, որ մեր ուսանողները ձեռք բերեն անհրաժեշտ գիտելիքներ, գոհ լինեն ստացած կրթությունից և ուսանողական շրջանը համարեն լավագույնը»:
Շուրջ քառորդ դար մանկավարժի նվիրական գործին զինվորագրված Ասյա Գրիգորյանի համար օրը խորհրդանշական է:
1967 թվականից բուհում դասավանդելու հրավիրված և բազմաթիվ սերունդներ կրթած աբովյանագետը հպարտությամբ է վերհիշում դասավանդած տարիները:
«Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսները տարիներ շարունակ իրենց գիտելիքներն են փոխանցել աբովյանաշունչ սաներին:
Նրանցից շատերն այսօր արժանացել են գիտական կոչումների և ունեն մեծ ներդրում ինչպես մանկավարժության, այնպես էլ Հայաստանի կրթական ոլորտում»,-ասաց Ասյա Գրիգորյանը: