Մանկավարժական համալսարանում կայացավ շախմատային առաջին ներբուհական առաջնությունը, որին մասակցում էին բուհի տասը ֆակուլտետներից կազմված 8 թիմեր:

Երկու օր տևած առաջնությունն ընթացավ 7 մրցափուլերով և արագ շախմատի կանոններով:
Արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ 1-ին տեղը ամենաբարձր՝ 14 միավորով գրավեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի շախմատի թիմը, 2-րդ տեղը 11 միավորով զբաղեցրեց Սկզբնական կրթության և Հատուկ կրթության ֆակուլտետների միասնական թիմը, իսկ 3-րդ տեղը՝ 9 միավորով Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի թիմը:
Առաջնության մրցավար, Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը վստահ է՝ բուհի հիմնադրման 90-ամյակի առթիվ անցկացվող առաջնությունը կնպաստի համալսարանում շախմատի զարգացմանը, այդ հինավուրց խաղի հանդեպ հետաքրքրության մեծացմանը, կձևավորի համալսարանի շախմատի թիմ, որը հետագայում պատվով հանդես կգա միջբուհական առաջնություններում:

Իմաստուն խաղի վարպետը կարծում է՝ շախմատն արքայական խաղ է, կիրթ մարդը՝ անկախ մասնագիտությունից և տարիքից, պետք է ծանոթ լինի շախմատի արվեստին, որը մարզում է միտքը, զարգացնում տրամաբանությունը և ստեղծագործելու հնարավորություն տալիս:
Սամվել Միսակյանն իր ափոսանքն է հայտնում շախմատով հետաքրքրվող ուսանողների փոքրաթիվ լինելու առթիվ և ամբիոնի բոլոր դասախոսների անունից վստահեցնում՝ իրենք պատրատ են շախմատ սովորեցնել նույնիսկ խաղին ընդհանրապես անծանոթ ուսանողներին. ի վերջո, շախմատը կյանքի մոդելն է՝ արտահայտված խաղատախտակի վրա:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից շախմատը՝ որպես առարկա, ընդգրկել

Սկզբնական կրթության ֆակուլտետի ծրագրում՝ տարրական դասարանների ապագա դասվարներին շախմատի վերաբերյալ տարրական գիտելիքներով զինելու համար:
Հետագայում նախատեսվում է շախմատն ընդգրկել ուսումնական ծրագրերում՝ հիմնավորապես լրացնելով հանրակրթական դպրոցներում առկա խնդիրը. շախմատ դասավանդում են մեծամասամբ մանկավարժական կրթություն և մանկավարժի հմտություններ չունեցող մասնագետներ, ինչն էլ առաջ է բերում մի շարք խնդիրներ:
Իսկ մինչ շախմատը հիմնական առարկայացանկում ընդգրկելը, շախմատասեր ուսանողները, ըստ ցանկության, ժամանակակից հագեցած լսարանում շաբաթական երկու անգամ մասնակցում են շախմատային դասընթացների:
