ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջոցառումներ` նվիրված լոգոպեդի միջազգային օրվան
14.11.2012
Լոգոպեդական դիդակտիկ նյութերի ցուցահանդես, լոգոհեքիաթներ, լոգոպեդի մասնագիտության մասին պատմող բուկլետների տարածում, լոգոպեդ-շրջանավարտների աշխատանքային պրեզենտացիա, ինտերակտիվ կապի միջոցով ՌԴ գիտությունների ակադեմիայի շտկողական մանկավարժության ինստիտուտի լոգոպեդների հետ մասնագիտական փորձի փոխանակում. Հատուկ կրթության ֆակուլտետը նման հագեցած ծրագրով տոնեց Լոգոպեդի միջազգային օրը:
Վաղ առավոտյան Համալսարանի նախասրահում ցուցադրված էին ուսանողների ձեռքերով պատրաստած շնչառությունը, հնչյունի տարբերակումը, խոսքային-լսողականությունը, վանկային կառույցն ամրապնդող, սխալ հնչարտաբերումը շտկող, նուրբ շարժողականությունը զարգացնող խաղեր:
Ոզնու պատկերով և ամրակներով «Խեղճ ոզնին» խաղի հեղինակ, Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ադելաիդա Մալաքյանն ասում է, որ խաղի ստեղծման միտքն առաջացել է «Դասընթաց ուսանողների համար» առարկայի շրջանակում:
Վստահ է` խաղը կօգնի երեխաներին զարգացնել մատների մանր շարժողականությունը.«Երեխային տրվում է ոզնու պատկեր, որն իբրև կորցրել է իր փշերը: Նրան օգնելու համար երեխային տրվում են ամրակներ, որը նա սկսում է ամրացնել»:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը խոստովանում է`բուհն ավարտելուց հետո լոգոպեդի մասնագիտության գործունեությունը պայմանավորում էր միայն երեք առարկաների առկայությամբ` աթոռ, սեղան և հայելի: Արտերկրում ձեռք բերած փորձը ծանոթացրեց ժամանակակից մեթոդներին`նպաստելով մասնագիտական վերելքին:
«Եթե մարդու լեզուն թույլ է, անուժ, ծանր ու անորոշ, ապա հավանաբար այդպիսին է նաև նրա միտքը, քանզի նա մտածում է միայն լեզվի միջոցով»,-Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժաննա Պայլոզյանը կիսում է Հերդերի վերոնշյալ կարծիքը, ապա ավելացնում.«Մանկավարժականը միակ բուհն է, որտեղ պատրաստվում են լոգոպեդներ: Հայաստանում այս մասնագիտության քարոզչությունը քիչ է տարվում, շատերն անգամ ծանոթ չեն այդ մասնագետների գործառույթներին: Բուհի հիմնադրման 90-ամյակի շրջանակում մենք որոշեցինք առաջին անգամ նշել Լոգոպեդի միջազգային օրը` հույս ունենալով, որ այն կլինի շարունակական »:
Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից, բուհի շրջանավարտ Անի Մելիքսեթյան կրկին հարազատ բուհում է.նա էլ շատերի պես միացել է մասնագիտական տոնը նշելուն: Վերջինս ապագա լոգոպեդներին ներկայացրեց ոլորտում իր աշխատանքային մոտեցումները, ապա ցուցադրեց հեղինակած` «Սովորում ենք խոսել նկարների աշխարհում» ուսումնաօժանդակ ձեռնարկը:
Օրվա խորհրդի համաձայն` Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս Աննա Չարչյանի նախաձեռնությամբ կազմակերպել էր հետաքրքիր ֆլեշ-մոբ, որտեղ արծարծված էին խոսքային խանգարումների տարբեր տեսակները: Այն նպատակ ուներ ևս մեկ անգամ հիշեցնել լոգոպեդի մասնագիտության մասին, ով կարող է օգնել խոսքի ձևավորման և զարգացման ողջ ընթացքում:
Ոլորտի հայ մասնագետներին շնորհավորեցին նաև ռուս գործընկերները: Ուղիղ կապի միջոցով ՌԴ գիտությունների ակադեմիայի Շտկողական մանկավարժության ինստիտուտի մանկավարժական գիտությունների թեկնածու Ե.Ե.Կիտիկն իր և ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ն.Ն.Մալոֆեևի անունից շնորհավորեց նաև ՀՊՄՀ-ի հիմնադրման 90-ամյակը` մաղթելով նորանորհաջողություններ:
Ռուս մասնագետները ցուցադրեցին «Լոգոպեդական աշխատանքում համակարգչային խաղերի դերը» ուսումնասիրությունը. մասնագետները վստահ են` կրթական համակարգի փոփոխությանը ներդաշակ պետք է փոփոխվեն նաև լոգեպեդական մեթոդները` ավանդականից անցում կատարելով համակարգչայինին:
Տեսական և գործնական հագեցած օրը լոգոպեդների համար ավարտվեց լոգոպեդիա մասնագիտությունը խորհրդանշող տոնական տորթով: