ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարգևատրումները շարունակվում են
15.11.2012
«1981 թվականն էր, երբ ընդունվեցի Մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին: Այդ տարիներին ֆակուլտետում դասավանդում էին հայ անվանի կինոռեժիսորներից Ֆրունզե Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը:
Ի դեպ, հենց վերջինիս ցանկությամբ, զորացրվելուց հետո ես հայտնվեցի այստեղ` արդեն որպես դասախոս` դառնալով ֆակուլտետի առաջին բնակիչներից մեկը»,-շուրջ երեք տասնամյակ անց վերհիշում է ռեժիսոր Ժիրայր Դադասյանը:
Մանկավարժականի մասին դժվարանում է խոսել. կյանքի մեծ մասն անցկացրել է հենց այս բուհում: 25 տարի շարունակ տարբեր սերունդների սովորեցնում է ռեժիսուրայի գաղտնքիները:
Ըստ նրա, վերջին տարիներին Համալսարանում կատարաված փոփոխություններն ակնհայտ են. «Այսօր ձևավորված դասախոսական նոր կազմն իր պրոֆեսիոնալիզմով ոչնչով չի զիջում իր սովորած տարիներին դասավանդած մասնագետներին, իսկ գեղեցիկ և մաքուր միջավայրն էլ ուսանողին «պարտադրում» է փոխել իր ներսն ու մաքրվել»:
Մեծագույն ձեռքբերումներից է համարում այն, որ իր ուսանողներից շատերն ավարտելով Մանկավարժականն այսօր աշխատում են իր ղեկավարած Մնջախաղի թատրոնում:
Ժիրայր Դադասյանը մեկն է բազմաթիվ վաստակաշատ դասախոսներից, ով երկարամյա աշխատանքի համար պարգևատրվեց 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալով:
40 և ավելի տարիներ Մանկավարժականում դասավանդած արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը բուհում է Կուլտուրայի ֆակուլտետի հիմնադրման օրից` 1971 թվականից:
Հպարտությամբ է նշում` կինոաշխարհում հայտնի բազմաթիվ կինոռեժիսորներ հենց այս ֆակուլտետի «ծնունդն են», իսկ Հենրիկ Մալյանի թատրոնն ամբողջությամբ ձևավորվեց ֆակուլտետն ավարտած ուսանողներով:
Այսօրվա երիտասարդների գլխավոր խնդիրը համարում է անտարբերությունը.«90-ականներից հետո մեր սերունդը գտնվում է բարդ վիճակում: Տաղանդավոր երիտասարդներ կան, սակայն նրանցից շատերն այսօր վակուումում են հայտնվել, քանի որ շատերն առաջնորդվում են պրագմատիզմով և ցինիզմով»:
Կինոքննադատի հետ համաձայն է նաև Հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր Մարտին Գիլավյանը: Վիճակը նույնն է ողջ հանրապետությունում.բանասերների նախկին սերունդն առավել հանրագիտակ էր:
Խոսելով համալսարանի ներկայիս հաջողությունների մասին պրոֆեսոր Գիլավյանն ավելացնում է. «Տարիների ընթացքում մանկավարժականը միշտ էլ դինամիկ զարգացում է ունեցել. դա ակնհայտ է հատկապես հիմա, երբ Համալսարանում ընդլայնվել են միջազգային կապերը, իսկ ուսումնական գործընթացը` դարձել առավել բովանդակալից և արդյունավետ»:
Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորելով բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմին`ասաց.«Ազգային դպրոցի ապագան մեծապես կախված է մեզնից. գավառամտությունն իր որևէ դրսևորմամբ չպետք է տեղ գտնի մեզանում:
Ազգայինն ամենաբարձրն ու ամենաթանկն է.մենք պետք է ձգտենք և հասնենք բարձրորակ Համալսարանի, որով կպայմանավորի երկրի հետագա զարգացումը»:
Դիմելով ներկաներին ռեկտորը հավելեց.« Սիրելի գործընկերներ, ձեզնից շատերը կես դար շարունակ զբաղվում են մանկավարժական գործունեությամբ: Դասավանդողի տարիքը մեզ համար երբեք նրա գործունեությունը սահմանափակող արգելք չի հանդիսացել:
Իմ հրավերով մանկավարժականում դասավանդում է 88-ամյա նկարիչ Զախար Խաչատրյանը, իսկ 86-ամյա ակադեմիկոս Գեորգ Բրուտյանն արդեն իսկ ղեկավարում է Մետափիլիսոփայության, փոխակերպման տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը:
Երիտասարդ տարիքում մարդը կարող է ավելի ծեր ու անհետաքրքիր լինել ուսանողների համար և հակառակը. դրսևորումները տարբեր են»:
Նշենք, որ Համալասարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ շարունակում են պարգևատրվել բուհում 25 և ավելի, 40 և ավելի տարիների աշխատակիցները: