Մանկավարժական համալսարանում տարբեր այցերով շարունակում են նշվել բուհի հիմնադրման 90-ամյակը: Այդ առթիվ այսօր բուհում էր Պաշտպանության նախարար Սեյրան

Օհանյանը:
Շնորհավորելով գիտական խորհրդի անդամներին և պրոֆեսորադասախոսական կազմին` նախարարը նկատեց. «Մանկավարժ լինելն ամենապատվաբեր մասնագիտությունն է. չկա մի ոլորտ որտեղ մանկավարժի դերակատարումն ընդգծված չլինի:
Մանկավարժական համալսարանի դերը հսկայական է մեր ժողովրդի պատմության բոլոր ժամականերում`այդ թվում նաև հայոց բանակի կազմավորման գործում:
Արցախի ազատագրմանը մասնակցած Մանկավարժականի կամավորական ջոկատների և բուհի շրջանավարտներ Մովսես Գորգիսյանի, Մեխակ Մեխակյանի, մյուս 11 հերոսների մասնակցությունն այդ պատերազմում շրջեցին պատմության անիվը:
Այսօր էլ բուհը պատմական, ճանաչողական այցերի միջոցով անում է ամեն ինչ ապագա սերնդի մոտ ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար»:
Նախարարը կարծում է, որ մանկավարժությունն ու ռազմարվեստը շատ նմանություններ ունեն. հայ մանկավարժներն այսօր էլ ծառայում են հայոց բանակում, զբաղեցնում բարձր պաշտոններ և իրենց գրագիտությամբ, նվիրումով ու գործունեությամբ ոչնչով չեն զիջում կադրային սպաներին:
Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ ուսուցիչների դարբնոցը կիրականացնի իր առջև դրված խնդիրները, համագործակցությունն էլ կլինի շարունակական:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը մեծ պատիվ համարեց Սեյրան Օհանյանի այցը. «Մեկ անգամ ևս ծանոթանալով Ձեր կենսագրությանը` հպարտանում եմ, որ անկախության շրջանում մեր մեծագույն ձեռքբերումը`հայոց բանակը, հենց դուք եք ղեկավարում:
Մեզ պատկանող հողը վերադարձնելու արդարացի պայքարում Ձեր` Արցախի ազգային հերոսի լուման ևս հսկայական է: Տարիներ շարունակ Հայոց բանակի և Մանկավարժական համալսարանի միջև եղել է սերտ համագործակցություն:
Ամեն շաբաթ մեր Ուսանողական խորհուրդը, դասախոսներն այցելում են տարբեր զորամասեր, իսկ մեր վերջին` ՀՀ կառավարության «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» փորձնական ծրագիրը ևս մեկ անգամ ամրապնդեց այդ համագործակցությունը»,-հավելեց ռեկտորը:
Սեյրան Օհանյանը պատասխանեց Գիտխորհրդի անդամների`բանակի հրամանատարության կրթական որակին, սահմանների պաշտպանությանը վերաբերող հարցերին:

Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանը Սեյրան Օհանյանին հանձնեց Մանկավարժական համալսարանի 90-ամյակի հոբելյանական մեդալը, բուհի պատմությունն ու տարեգրությունը ներկայացնող պատկերազարդ ալբոմի առաջին օրինակն ու Կիրառական արվեստի բաժնի ուսանողի պատրաստած հուշանվերը:
ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը Ռուբեն Միրզախանյանին` «Զինված ուժերի հետ արդյունավետ համագործակցության, ռազմահայրենասիրական ոգով դաստիարակության ներդրման» և Համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ հանձնեց «Անդրանիկ Օզանյան» և «Հայոց բանակի 20-ամյակ» մեդալները:
Նախարարը արծաթազօծ կոմպոզիցիա նվիրեց 90-ամյա հոբելյանը նշող համալսարանին. Այն տեղ կգտնի Համալսարանի նորաստեղծ թանգարանում:
Նախարարի հրամանով «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվեցին Բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը, Պատմության և իրավագիտության դեկան Էդիկ Գևորգյանը, Հայոց պատմության ամբիոնի վարիչ Մհեր Կարապետյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Լիդա Արամյանը, իսկ «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվեց Շախմատի և սպորտի ամբիոնի պրոֆեսոր Հրանտ Պատրիկյանը: