ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Իսլամի և քրիստոնեության փոխհարաբերությունները. ներկայացնում է Ֆարզանե Շաֆիին
15.11.2012
Նոյեմբերի 15-ին Մանկավարժական համալսարանում նշվեց Փիլիսոփայության համաշխարհային օրը:
Մասնագիտական տոնի առթիվ Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի ու Գեղարվեստական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Իրանի և Եվրասիայի հետազոտական կենտրոնի (Իրան) և Սլավոնական մշակույթի պետական ակադեմիայի (Ռուսաստան) ներկայացուցիչ, մշակութաբան և բանասեր, մի շարք գիտական աշխատանքների հեղի¬նակ Ֆարզանե Շաֆիին (Իրան):
Վերջինս ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մոդեռնիզացման համատեքստում իսլամի և քրիստոնեության փոխհարաբերությանը:
Իր այս զեկույցում Ֆարզանե Շաֆիին փորձեց ներկայացնել ոչ թե աշխարհի կրոնների միջև եղած խնդիրները, այլև դրանց համատեքստում շոշափել քրիստոնեության և իսլամի՝ պատմական և ժամանակակից խնդիրները, քննարկել այն դրական նախաձեռնությունները, որոնք անհրաժեշտ են կրոնական կազմակերպությունների հետ երկխոսության ժամանակ:
«Իր շահերին հասնելու նպատակով տարիների ընթացքում մարդը փորձել է փոխել կարգավիճակը՝ լինելով այդ կանոնների բացարձակ ենթական: Դա էլ կարող է լինել հենց այն սկզբնակետը, որից առաջանում են աշխարհայացքային տարբեր գաղափարներ, աշխարհընկալման և անձի կարգավիճակի տարբերություններ»,- նշեց Ֆարզանե Շաֆիին:
Իր դասախոսության ընթացքում Ֆարզանե Շաֆիին կարևորեց մարդկային պատմության մեջ կրոնի ունեցած դերը՝ համարելով այն քաղաքական կոնֆլիկտների և ցնցումների պատճառ:
Համաշխարհային հանրությունը տեսնում է տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների հասունացող բախումները, սակայն այն վերացնող արմատական քայլեր և որոշումներ չեն նկատվում:
Անդրադառնալով ժամանակակից աշխարհում կրոնական երկխոսությանը՝ նա հանգամանորեն ներկայացրեց կրոնական երկխոսությունները Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում:
Դասախոսության ավարտին հյուրն իր ափսոսանքը հայտնեց, որ չնայած բոլոր ձգտումներին և քրիստոնեական տարբեր ուղղությունների շուրջ տարվող երկխոսություններին, ամեն ինչ մնում է անփոփոխ:
Ֆարզանե Շաֆիին պատճառը համարում է կրոնի քաղաքականացումը, որն էլ իր հերթին հենվում է մարդկային գաղափարների վրա. «Պետք չէ կրոնը դիտարկել մարդուն վերաբերվող առանձին փաստ. կան որոշակի կրոնական պարտավորություններ յուրաքանչյուր հավատացյալի համար, որոնք չպետք է անդրադառնան հասարակական կյանքի և այլ կրոնների վրա»:
Հանդիպման ավարտին Փիլիսոփայության համաշխարհային օրվա առթիվ ներկաներին շնորհավորեցին Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Ջիջյանն ու ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հասմիկ Հովհաննիսյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ հյուրի հետ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ մասնագիտական տոնը նշելը կդառնա Մանկավարժական համալսարանի գեղեցիկ ավանդույթներից մեկը:
Նշենք, որ 2002 թվականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսվա երրորդ հինգշաբթին նշվում է որպես Փիլիսոփայության համաշխարհային օր: