ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժ -վետերանները կրկին հարազատ բուհում են
16.11.2012
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիմա Առաքելյանը շուրջ 50 տարի դասավանդել է Մանկավարժականում:
13 տարեկանում զրկվելով ծնողներից` հայտնվել է մանկատանը, ապա ավարտել Մանկավարժական ուսումնարանն ու ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: «Դասերի չէի հաճախում. 120 տղաների մեջ միակ աղջիկն էի:
Երազում էի շարունակել մորս գործը`դառնալ մանկավարժ-մեթոդիստ: Երազանքս իրականացավ. մինիստրի որոշմամբ բացառության կարգով ընդունվեցի Մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական բաժին` 16 տարեկանից աշխատելով որպես մանկավարժ »,-ասում է Ռիմա Առաքելյանը:
Շրջանցելով տարիքը` նախադպրոցականների դաստիարակության մասին բազմաթիվ գրքերի հեղինակը շտապում է բացահայտել չծերանալու գաղտնիքը.«Շփվելով երիտասարդների հետ, նրանցից դրական լիցքեր ստանալով` ինձ միշտ երիտասարդ ու առույգ եմ զգացել:
Շուրջ հինգ տասնամյակ աշխատելով ուսանողների հետ` ցանկացել եմ նրանց դարձնել նախ բարեկիրթ, ապա նաև կրթված մարդիկ»:
Համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հրավերով Ռիմա Առաքելյանի հետ կրկին բուհում են 40 և ավելի տարիներ Մանկավարժականում աշխատած 23 մանկավարժներ և վարչական այլ աշխատակիցներ:
Բուհում մասնագիտական «մկրտություն» ստացած վետերանները ռեկտորի հետ ջերմ հանդիպման ընթացքում վերհիշեցին դրվագներ նախկին տարիներից և բուհում դասավանդած ու բուռն գործունեություն ծավալած մասնագետներին:
Խոսելով այսօրվա իրականության մասին` Ռուբեն Միրզախանյանն անկեղծացավ. «Տարիներ շարունակ մեզ մոտ չեն տարբերակում կրթություն և դիպլոմ հասկացությունները:
Լինելով Մանկավարժականի 18-րդ ռեկտորը` ես ձգտելու եմ լինել լավը նախ ուսանողների համար`ամեն ինչ անելով, որ նրանց ուսանողական տարիները լինեն կյանքի լավագույն շրջանը»:
Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանը նրանց հանձնեց բուհի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալ, բուհի պատմությունն ու տարեգրությունը ներկայացնող պատկերազարդ ալբոմ և հոբելյանական կոնֆետներ: