Այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» թեմայով տարածաշրջանային գիտաժողովի աշխատանքները:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանն ու Ալեքսանդր Մազոլինին (Սվինբուռնի տեխնոլոգիական համալսարան, Մելբուռն, Ավստրալիա):
Գիտաժողովի հանդիսավոր մեկնարկից հետո մասանկիցներն իրենց աշխատանքները շարունակեցին Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիայում:
Նշենք, որ «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» թեմայով տարածաշրջանային գիտաժողովն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿO-ի հովանավորությամբ:
Նախագիծը սկիզբ է առել 2003 թվականից: Այն նախաձեռնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Օպտիկական միության (OSA), Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային միության (SPIE), Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) և Ֆիզիկայի ուսուցման Ասիական համացանցի (ASPEN) մասնագետներից կազմված միջազգային աշխատանքային խմբի կողմից:
Ծրագիրը փորձարկվել է ԱՄՆ-ում և մի շարք այլ զարգացած երկրներում՝ ի սկզբանե նպատակաուղղված լինելով ուսանողների մոտ ֆիզիկայի հիմնարար սկզբունքների յուրացման բարձրացմանը:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու և աջակցելու համար Մանկավարժականը կհյուրընկալել է «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» ծրագրի ստեղծման և զարգացման գործընթացում մեծ ավանդ ունեցող մի շարք անվանի պրոֆեսորների տարբեր երկրներից:
Նրանց թվում են պրոֆեսորներ Դավիթ Սոկոլոֆը (Օրիգոնի համալսարան, Յուդժին, ԱՄՆ), Ալեքսանդր Մազոլինին (Սվինբուռնի տեխնոլոգիական համալսարան, Մելբուռն, Ավստրալիա), Զոհրա Բեն Լակհդարը (Թունիսի համալսարան, Թունիս), Ջոզեֆ Նիեմելան (Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն, Տրիեստե, Իտալիա) և Ջուստե Ժան-Պոլ Նգոմե Աբիագան (ՅՈՒՆԵՍԿՕ, Փարիզ, Ֆրանսիա)։
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի և Հայաստանի մարզերի ավագ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչներ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Իրանի իսլամական հանրապետության Թավրիզի համալսարանի ֆիզիկայի, օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառի երիտասարդ հետազոտողներ, դասախոսներ, մագիստրատուրայի ուսանողներ, հայցորդներ և ասպիրանտներ:
Գիտաժողովում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ երկրաչափական օպտիկա, լույսի ուղղագիծ տարածում, անդրադարձում և բեկում, ինտերֆերենցիա և դիֆրակցիա, մթնոլորտի օպտիկա, լինզաներ և աչքի օպտիկա, օպտիկական հաղորդակցություն, օպտիկական տվյալների փոխանցում։
«Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում»թեմայով գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 23-ը: