ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արարատն է «լեռների լեռը»
20.11.2012
«2010 թվականին ճանապարհորդելով պատմական Հայաստանում և բարձրանալով Արարատի լանջերով՝ գործնականում համոզվեցի, որ Արարատն է «լեռների լեռը»». այս է եղել այն պատեհ առիթը, որ աշխարհագետին՝ Աշոտ Աջամօղլյանին մղել է գրելու «Վերելք Արարատ» գիրքը:
«Բնասեր, թե ճանապարհորդ, զբոսաշրջիկ թե լեռնագնաց, ով առաջին անգամ հյուրընկալվում է հայկական գեղեցիկ բնաշխարհում, անմիջապես հետաքրքրվում է իր առջև հառնող երկնասլաց առասպելական Արարատ լեռով, որի ուսումնասիրման կարևորագույն ժամանակաշրջանը 19-րդ դարն է»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց գրքի հեղինակը՝Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Աջամօղլյանը:
Վերջինիս կարծիքով այդ ժամանակշրջանի հետ կապված բոլոր նյութերն արժանի են հատուկ ուշադրության և առանձին հրատարակության:
Իր այս գրքում նա փորձ է արել լրացնել այդ բացն ու լուսաբանել հայ, ռուս, եվրոպացի գիտնականների, լեռնագնացների, զբոսաշրջիկների՝ դեպի Արարատ լեռը կատարած վերելքն ու բնության տարերքի դեմ նրանց հաղթահարած դժվարությունները:
Գրքում առանձնակի տեղ է հատկացված հայ մեծ լուսավորիչ Խ.Աբովյանին, որը 1829 թվականին Ֆ. Պարրոտի, իսկ 1845 թվականին Հ. Սեյմուրի հետ բարձրացել է Արարատի գագաթը:
Գրքում համառոտ ներկայացված են Արարատի երկրաբանական ու ֆիզիկաաշխարհագրական նկարագիրը, լեռ բարձրացած գիտնականների դիտարկումները՝ կապված 1840 թվականի հունիսի 20-ի երկրաշարժի հետ:
«Վերելք Արարատ»-ում տեղ են գտել նաև Մանկավարժական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի աշխատակից, քարտեզագիր Տիգրան Բաբայանի՝ 2008-2009 թվականների վերելքների ժամանակ կատարած լուսանկարները:
Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ լույսընծայված գիրքը նախատեսված է ուսուցիչների, ուսանողների, զբոսաշրջիկների, լեռնագնացների և բոլոր հետաքրքրասերների համար: