ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արտասահմանյան պատվիարկները` Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորներ
21.11.2012

1922 թվականի նոյեմբերի 7-ին Երեւանում ծնունդ առավ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը՝ վաստակաշատ մանկավարժ Արշավիր Շավարշյանի ղեկավարությամբ:

Դասերը սկսվեցին նոյեմբերի 27-ից նախկին Հռիփսիմյան գիմնազիայի շենքում:
Հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյա տարելիցի առթիվ 1948թվականից Մանկավարժական ինստիտուտը կոչվեց նրա անունով ու մինչև այժմ էլ կրում է մեծ մանկավարժի անունը:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որոշմամբ 2000թ-ի հունվարից մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:
Այսօր Մանկավարժական համալսարանը վարում է միջազգային հավատարմագրմանը միտված քաղաքականություն, ընդգրկված է կրթության որակի բարձրացմանն ուղղված տարածաշրջանային եւ եվրոպական կրթական ծրագրերում: Մանկավարժականի լավագույն ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց ուսման որոշակի ժամանակահատված փոխանակման ծրագրերով անցկացնել ամերիկյան, եվրոպական եւ ռուսական հայտնի համալսարաններում:
Մանկավարժական համալսարանը մեծ նշանակություն է տալիս միջազգային համագործակցությանը եւ պատահական չէ, որ Մանկավարժական համալսարանի հոբելյանական
միջոցառմանը մասնակցում էին նաև Սոֆիայի Սենթ Քլիմենտ Օխրիդսկու համալսարանի ռեկտոր Իվան Իլչեւը, ԱՄՆ-ի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահ, մեր հայրենակից Մարի Փափազյանը, Ուկրաինայի Դրագոմանովի ազգային մանկավարժական համալսարանի ռեկտոր, Եվրոպայի մանկավարժական համալսարանների ռեկտորների ասոցիացիայի նախագահ Վիկտոր Անդրուշչենկոն, Սոցիոլոգիայի հոգեբանության եւ սոցիալական հաղորդակցությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Եվտուխը, Լիտվայի կրթական գիտությունների համալսարանի ռեկտոր Ալգիրդաս Գայզուտիսը, Ֆրանսիական Լորենի համալսարանի եւ Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի պատվիրակությունները:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հիմնադրման 90-ամյակի առթիվ գիտական խորհրդի որոշմամբ բարձրաստիճան հյուրերին շնորհեց պատվավոր դոկտորի կոչումներ:
Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի 11-րդ նախագահ հայազգի դոկտոր Մարի Փափազյանը վստահ է` բուհի ղեկավարի աշխատանքը նույնքան կարևոր է, որքան երկրի նախագահինը:
Ընդգծելով Մանկավարժականի դերակատարումը` Փափազյանը նշեց. «Իմ երկու համալսարանները` Մանկավարժականն ու Հարավային Կոնեկտիկուտինը, իրենց գործունեությունը սկսել են իբրև մանկավարժական հաստատություններ, ապա ընդլայնել իրենց գործունեությունը: Կրթությունը հայ ժողովրդի կայացման և զարգացման հիմքն է. Մանկավարժականը քաջ գիտակցում է իր այդ առաքելության կարևորությունը: Մեծագույն երախտագիտությամբ ընդունելով պատվավոր դոկտորի կոչումը` անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքներին»:
Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանն արժանացած Լիտվայի կրթական գիտությունների համալսարանի ռեկտոր Ալգիրդաս Գայզուտիսն առաջին անգամ է Հայաստանում:
Բիբլիական Արարատը նրան ապշեցրել է և ստիպել մտածել հավերժ արարող, մաքառող և գոյատևող հայ ժողովրդի մասին: «Ազգի ուղեղը համալսարաններն են, նրա հաջողությունները պայմանավորված են կրթական ոլորտով:
Մեր համալսարնները նման են իրար. երկուսն էլ գտնվում են բարեփոխումների նոր փուլում: Ես հպարտ եմ մեր համագործակցությամբ և վստահ` այն կլինի արդյունավետ»:
Ալգիրդաս Գայզուտիսը ցանկացավ, որպեսզի ներկաների յուրաքանչյուր օրը նման լինի 20 տարվա հնություն ունեցող հայկական կոնյակին:
Շքանշանների շնորհման արարողության ընթացքում հյուրերը Մանկավարժական համալսարանին հանձնեցին հուշանվերներ.դրանք տեղ կգտնեն համալսարանի նորաստեղծ թանգարանում: