ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տիգրան Սարգսյան. Երկրի ապագան ապահովող բանալին գտնվում է Մանկավարժական համալսարանում
21.11.2012
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծ հանդիսավորությամբ նշվեց Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակը:
Տոնական ձեռնարկի բարձրաստիճան մի շարք հյուրերի թվում էր նաև ՀՀ վարչապետ, Համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հանրապետության նախագահի և Կառավարությանի անունից շնորհավորելով համալսարանի հոբելյանը` վարչապետը նշեց.«Սա լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք գնահատել կատարված աշխատանքն ու մեծարենք այն մարդկանց, որոնց ներդրումը մանկավարժական ոլորտում չափազանց մեծ է:
Մենք պետք է մեր առջև դնենք զարգացման նոր նպատակներ ու խնդիրներ, չբավարարվենք անցած նվաճումներով, քանի որ ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում և հենց մանկավարժությունն է, որ ունի լուրջ անելիքներ:
Գաղտնիք չէ, եթե մենք կարողանանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ մատակարարել կրթական համակարգին, դրանով պայմանավորված կլինի ՀՀ-ում այս ոլորտիբարեփոխումների ընթացքն ու նոր մարտահրավերների հաղթահարումը»:
Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը վստահ է` մեր երկրի ապագան ապահովող բանալին կրթությունն է, որի լուծումը գտնվում է Մանկավարժական համալսարանում: «Ուրախ եմ Մանկավարժականի ցուցաբերած է բարձր առաջադիմությամբ:
Մենք ունենք ազնիվ և պարկեշտ դասախոսներ, կարողանում ենք նոր կամուրջներ կառուցել եվրոպական լավագույն համալսարանների հետ, որպեսզի լավագույն փորձը տեղայնացնենք Հայաստանի Հանրապետությունում: Տեսնում եմ, որ այդ եռանդն ու նոր շունչը կարողացել ենք դասախոսական կազմի հետ հաղորդել նաև ուսանողներին:
Մանկավարժական համալսարանն այսօր վստահություն և հարգանք է վայելում, ինչը պարտավոր ենք ամրապնդել: Այն պետք է լինի առաջատարը բուհական բարեփոխումների բնագավառում, ինչը հնարավորություն կտա բարձրացնել կրթական համակարգի մակարդակը հանրապետությունում»,-հավելեց Տիգրան Սարգսյանը:
ՀՀ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով բուհի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լևոն Կոջոյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով, ՀՊՄՀ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայլեյանը՝ «Անանիա Շիարակացու» մեդալով, իսկ Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գայանե Շաղգամյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ և կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հուշամեդալով են պարգևատրվել 1987-1989 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, 1994-1999 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը, 1999-2002 թթ. ՀՊՄՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Դավթյանը, 2002-2010 թթ. ՀՊՄՀ ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը:
Հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցեն Տիգրան Այվազյանը, Խմբավարության և ձայնադրման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Էլբակյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:
Երեկոյի ընթացքում 2011 թվականի լավագույն ուսանող Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհիՍառա Վանյանը հնչեցրեց 2012 թվականի լավագույն ուսանողի անունը: Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Թումանյանը շնորհակալություն հայտնեց իրեն նման պատվի և կոչմանն արժանանացնելու համար:
Միջոցառումը շարունակվեց տոնական համերգով և շքեղ հրավառությամբ: