ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պյոտր Գալպերին.մարդ և գիտնական
21.11.2012
Մանկավարժական համալսարանում «Պյոտր Գալպերին.մարդ և գիտնական» թեմայով բացառիկ դասախոսությամբ հանդես եկավ Մոսկվայի պետական և Մոսկվայի քաղաքային հոգեբանության համալսարանների տարիքային մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, դոկտոր Լյուդմիլա Օբուխովան:
Գալպերինի դպրոցի ներկայացուցիչը Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին բացառիկ լուսանկարների շարքով ներկայացրեց հոգեբանի կյանքն ու մասնագիտական գործունեության մասին դրվագներ:
Մշտապես մասնակցելով Պյոտր Գալպերինի դասախոսություններին` Օբուխովան հիշում է. «Ժամանակին քչերն էին զբաղվում հոգեբանությամբ. Գալպերինը չափազանց անհանգստացած էր այդ մասնագիտության ապագայով: Նա կարծում էր, որ ոչ մի մասնագիտություն չի կարող փոխարինել հոգեբանությանը: Հենց դա էր պատճառը, որ Գալպերինը հորդորում էր անհրաժեշտ խորությամբ ուսումնասիրել այն և ինչ-որ բան անել հոգեբանության ոլորտում »:
Մի շարք տեսությունների հեղինակ Պյոտր Գալպերինը վստահ էր` հոգեբանությունը չպետք է դարձնել «սենյակային» գիտություն. այցելուների հետ աշխատելու համար անհրաժեշտ է կիրառել նաև գործնական մեթոդներ:
Դասախոսության ընթացքում Լյուդմիլա Օբուխովան անդրադարձավ նաև Գալպերինի հեղինակած հոգեբանության առարկայի նոր ուսումնասիրություններին և մեթոդներին, հոգեկանի օբյեկտիվ հատկանիշներին, կենդանական աշխարհում հոգեկանի էվոլուցիայի վերլուծությանը, մարդու հոգեկանում բիոլոգիական, օրգանական և սոցիալական հասկացությունների տարանջատմանը:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտություների դոկտոր,պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց այն, որ դասախոսության ընթացքում անդրադարձ եղավ նաև Լեոնտևի և Գալպերինի դպրոցների գաղափարական տարբերություններին:
«Գալպերինի դպրոցի ներկայացուցիչների կողմից առաջադրված գաղափարներն այսօր էլ արդիական են և իրենց ուրույն տեղն ունեն հոգեբանության տեսության մեջ:
Գալպերինը կարևորում էր մտավոր կարողությունների փուլային գործողություների զարգացումը, ինչն ընդունելի չէր Լեոնտևի կողմից: Նրա մեթոդաբանական հարցերի մեկնաբանման տեսանկյունից բավականաչափ բարդ է եղել զարգացնել իր տեսությունը` հաշվի առնելով այն, որ երկար ժամանակ այդ ուղղության առաջատար մասնագետ համարվել է հենց Լեոնտևը»:
Լյուդմիլա Օբուխովան ապագա հոգեբաններին կարևոր աշխատանքում մաղթեց շատ-շատ հաջողություններ` ակամայից կրկնելով ժամանակին իրեն ուղղված Պյոտր Գալպերինի բարեմաղթանքը:
Հիշեցնենք, որ դոկտոր Լյուդմիլա Օբուխովան Հայաստան էր այցելել մասնակցելու Մանկավարժական համալսարանի հոբելյանական միջոցառումներին: