Հայկական պետական մանկավարժական և Ֆրանսիայի Լորենի համալսարանների միջև այսուհետ կծավալվի գիտական և տեխնիկական համագործակցություն:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի և Լորենի համալսարանի նախագահ, պրոֆեսոր Պիեր Մուցենհարդի ստորագրած համաձայնագրի նպատակն է ընդլայնել գիտական համագործակցությունը, նպաստել ոչ գծային օպտիկական, լազերային ու ֆոտոնիկական նյութերի հետազոտությանն ու բարձրագույն կրթության զարգացմանը:
Համագործակցությունը հնարավորություն կտա կատարելու համատեղ հետազոտություններ՝ կապված լազերային, օպտիկական սենսորային և հաղորդակցման համակարգերում մեծ պահանջարկ ունեցող նոր նյութերի ստացման և նրանց օպտիկական, ոչ գծային օպտիկակական, ֆիզիկական, ֆիզիկա-քիմիական, կառուցվածքային, սպեկտրադիտական և այլ կարևոր հատկությունների հետ:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ուսանողների, դասախոսների, պրոֆեսորների, հետազոտողների և ասպիրանտների փոխանակում, մասնագետների փոխադարձ այցելություններ, ինչպես նաև ակտիվ համագործակցություն գիտական կոնֆերանսների, սեմինարների, սիմպոզիումների և ցուցահանդեսների կազմակերպման հարցում:
Նշենք, որ Մանկավարժական համալսարանը կրթական ոլորտի ամենատարբեր ուղղություններով համագործակցում է ԱՊՀ և աշխարհի առաջատար գիտա-կրթական կենտրոնների հետ: