ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավանդական և այլընտրանքային լրատվամիջոցներ. վարպետության դաս`ապագա լրագրողների համար
22.11.2012
Պրոդյուսեր, սցենարիստ, բազմաթիվ հաղորդումների և գեղարվեստական ֆիլմերի հեղինակ Աշոտ Ջազոյանն ու ռուս անվանի գրող, հրապարակախոս, «Լիտերատուրնայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը Մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողների համար վարպետության դաս անցկացրին:
Ոլորտի առաջատար մասնագետները խոսեցին լրագրության նոր միտումների մասին` նորաթուխ գործընկերների համար բացահայտելով իրական լրագրության գաղտնիքները:
Աշոտ Ջազոյանը կարծում է, որ հատկապես վերջին տարիներին տեղեկատվական դաշտի ձևաչափը շատ է փոխվել:
Մարդիկ ավանդականից անցնում են այլընտրանքային լրատվամիջոցի` համացանցի, որն այսօր ձևավորում է հասարակական կարծիք:
«Համացանցը փոխեց նաև մեր մասնագիտությունը. նախկին հրատարակչական տներին փոխարինելու եկան մեդիահոլդինգները»,-հավելում է Աշոտ Ջազոյանը:
Քննադատելով հեռուստատեսության՝ վարկանիշի ետևից ընկնելու մոլուցքը, Աշոտ Ջազոյանը նկատում է. «Հեռուստատեսությունն անհետաքրքիր է դարձել 21-րդ դարի սերնդին.այնտեղից անհետացել է հասարակ մարդը: Հիմնականում պաշտոնյաներ են, ոստիկաններ, բիզնեսմեններ, իսկ սովորական մարդը բացակայում է: Նորագույն տեխնոլոգիաները «երիտասարդանում» են, իսկ մարդիկ ծերանում: Սա իրողություն է, որն անհնար է շտկել»:
Չնայած դրան` խոստովանում է, որ բազմիցս հեռացել է հեռուստատեսությունից, բայց ամեն անգամ վերադարձել. «Այն հիվանդություն է, որի դեմ բուժում չկա»:
Նոր, միջհաղորդումային ձևաչափով նկարահանված ֆիլմերի հեղինակը վստահ է`լրագրության մեջ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել լրագրության ճիշտ «լեզուն»:
«Լիտերատուրնայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը տարակարծիք է. մեդիաոլորտում կատարված միակ փոփոխությունը համարում է նորագույն տեխնոլոգիաների մուտքը եւ տեղեկատվության մատչելիությունը:
Ռուսական հնագույն պարբերականի խմբագիրը վստահ է `համացանցը հեշտացրել է մեր գործը, սակայն նոր բան չի առաջարկում. «Ինչ-որ բան կփոխվի միայն այն ժամանակ, երբ փոխվի մեր քաղաքակրթությունը: Բլոգները 19-րդ դարում գրվող նամակներն են, վիկիպեդիան` ժամանակակից հանրագիտարանը, ընդ որում շատ հաճախ ոչ ճշգրիտ եւ բազմաթիվ սխալներով, իսկ ինտերնետ պորտալները` նույն ամսագրերն են»:
Պոլյակովը կարծում է, որ համացանցն իր հետ նոր վտանգ է բերել. երիտասարդ լրագրողները վարակված են «բլոգային շտապողականությամբ» և անփութությամբ:
«Լրագրությանը լուրջ վերաբերվելու դեպքում կտեսնեք, որ այն չափազանց պատասխանատու, աշխատատար և պատրաստվածություն պահանջող մասնագիտություն է: Կարծում եմ, որ այսօրվա լրագրողներից շատերը պարզապես ֆիքսում են հնչած միտքը և միայն շատ քիչ վիրտուոզ լրագրողներն են իմաստավորված ներկայացնում լսածը»,-հավելեց Յուրի Պոլյակովը՝ ընդգծելով, որ շատ հաճախ էկրանից մարդկանց տեղեկատվություն հաղորդողը շատ ավելի պակաս կրթված է, քան այն մարդիկ, ում համար նա այդ լուրը ներկայացնում է:

Վարպետության դասի շրջանակներում ուսանողները դիտեցին Աշոտ Ջազոյանի` իսպանական կյանքը յուրովի ներկայացնող կարճամետրաժ ֆիլմեր: