ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երբ կարողանում ես ինքդ քեզ զգալ...
22.11.2012
ՙԺամանակակից նկարչությունը այնքան է զարգացել, ճյուղավորվել, փոխվել, որ ինչ-որ կանոնների չի ենթարկվում: Տարիներ առաջ վարպետություն էր համարվում բնությունն ու մարդուն

ճիշտ պատկերելը, սակայն երբ ստեղծվեց լուսանկարչությունը, պարզվեց, որ ֆիզիկան այդ խնդիրը ավելի լավ է լուծում, քան կարող է մարդը՚,- ասում է Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոն վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը:

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի կազմակերպած «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում»թեմայով գիտաժողովի շրջանակներում ներկայացված նրա 12 գեղանկարչական աշխատանքներից կազմված ցուցահանդեսը մաթեմատիկոսի հոգու դրսևորումներն են. կարմիր, կապույտ, դեղին գույները մարդկային ապրումների, ներքին զգացողությունների, ուրախ ու տխուր տրամադրությունների արտահայտություններ են, որ առաջին իսկ հայացքից գրավում են դիտողին: Փորձում եմ զրուցել նկարչի հետ` բացահայտելու այն գունաշխարհը, որում ապրում է...
ՙԱրվեստը զգացմունքի արտահայտություն է, նկարելիս ես ինձ լավ եմ զգում, կտրվում եմ շրջապատից, ես եմ ու իմ աշխարհը, և այդ ժամանակ աշխարհը լավն է, որովհետև այնտեղ չկա մարդը... Նկարելիս ինքդ քեզ գտնում ես, կարողանում ես քեզ զգալ...Դա նկարչության մեծագույն շնորհն է ...
Ուրիշ է գրականության դեպքում. երբ ուզում ես պատմվածք գրել, հոգիդ պետք է մաքուր լինի, որ ոչինչ չխանգարի քեզ, որովհետև այն մեծ լարում է պահանջում, իսկ երբ դու վրդովված ես, խռովված, կարող ես նկարել. նկարչությունը ինքն է մաքրում հոգիդ... : Երբ ձեռքդ ես վերցնում վրձինը` գույները քեզ տանում են... Դա ուրիշ աշխարհ է, դու սկսում ես ապրել այլ աշխարհում...՚:
Ես հարցնում եմ, թե ինչ կապ կա մաթեմատիկայի և նկարչության միջև.ՙՄաթեմատիկայի և կերպարվեստի մեջ, անշուշտ, կապ կա. համաչափությունը, համեմատությունները, ռիթմը և հարմոնիան գեղեցկություններ են, դրանք ընկած են կերպարվեստի հիմքում, բայց` դասական կերպարվեստի, և, ըստ էության, մաթեմատիկա են: Հիմա այդպես չէ, որովհետև այսօր այդ չափումները չկան՚:
Ըստ Հ. Միքայելյանի` ՙհենց այնպես աբստրակցիա չի լինում, որովհետև ամեն ինչ կյանքից է բխում և կյանքից դուրս չես կարող նկարել... Երբ նայում ես Սարյանի նկարած խաղողներին, թվում է, թե դրանք այնքան բնական են, որ կհալվեն բերանիդ մեջ. սա է իսկական ու նոր նկարչությունը: Իսկ նկարը լավն է այն ժամանակ, երբ ուզում ես կրկին ու կրկին նայել... Եթե գեղեցիկ է` նա քեզ կձգի դեպի իրեն, կլցվի հոգուդ մեջ...՚:
Հետաքրքիր ու գեղեցիկ ներաշխարհով Համլետ Միքայելյանն այսպես ապրում է գույների ու զգացողությունների մի ուրիշ աշխարհում, ուր չափումներն այլ են կամ չկան, բայց որտեղ կա ասելիքը. ՙԵթե մարդը իր հոգին չի լցնում արվեստով, այնտեղ աճում են մոլախոտեր ... ՚: