ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Էդուարդ Շարմազանով. Յուրաքանչյուր հայի ամենամեծ կոչումը ՀՀ քաղաքացի լինելն է
22.11.2012
«Երիտասարդ քաղաքական գործիչը կարող է լինել հաջողակ և ծառայել իր ժողվրդին միայն այն դեպքում, եթե բացառիկ սեր և նվիրվածություն է տածում իր երկրի նկատմամբ: Պետք է սովորել նրանցից, ովքեր իրենց կյանքով և ապրելակերպով արժանի են սովորեցնելու արվեստին»: Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանն այսպես բնութագրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ , Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Էդուարդ Շարմազանովին:
Վերջինս ի պատասխան նշեց. «Յուրաքանչյուր մարդ, անկախ ամեն ինչից, միշտ վերադառնում է այն միջավայրը, որն իրեն հարազատ է: Մանկավարժական համալսարանը ձևավորեց իմ աշխարհայացքը` դարձնելով ՀՀ գիտակից քաղաքացի»:
Քաղաքական գործիչը հարազատ բուհում անդրադարձավ երիտասարդներին հուզող խնդիրներին, աշխարհաքաղաքական զարգացումներին և դրա համատեքստում Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությանը:
Խոսելով ՀՀ անկախ սերնդի և բուհական այսօրվա համակարգի մասին` Շարմազանովը նշեց. «Երիտասարդությունը հասարակության ներկան է. մրցունակ լինելու համար պետք է մարտնչել և չդադարել սովորել: ՀՀ երիտասարդը պետք է գիտակցի, որ իր առաջին թշնամին միջակությունն ու ծուլությունն է: Նա պետք է մի քանի քայլ առաջ մտածի.բուհերն այսօր ավելի կայացած են և տալիս են այդ հնարավորությունը»:
Նժդեհյան գաղափարախոսության կրողը հորդորում է սեփական մեղքը չբարդել ուրիշների վրա, այլ հիշել մեծն կենսափիլիսոփայի հայտնի տողերն ու խնդիրների լուծումը փնտրել մեր մեջ:
Վարդան Մամիկոնյան, Սմբատ Բագրատունի, Գևորգ Չաուշ, Նիկոլ Դուման, Հրայր Դժոխք. Էդուարդ Շարմազանովը մեկ առ մեկ թվարկում է ազգային հերոսներին` երիտասարդներին հիշեցնելով անկախության գինը:
«Այն մարդը, ով դժգոհում է իր հայրենիքից, տառապում է ոգու հիվանդությամբ»,-մեջբերելով Գարեգին Նժդեհի խոսքը` նա հորդորեց հպարտանալ հայ լինելու և անկախ պետություն ունենալու համար: «Հայրենիքը պետք է սիրել գործով.մեզ բախտ է վիճակվել լինել ՀՀ անկախ քաղաքացի.դա յուրաքանչյուր հայի ամենամեծ կոչումն է»,-հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով տարածաշրջանում տիրող անկայունության մասին` ԱԺ փոխնախագահը վերլուծեց ՀՀ-ի հետ առնչություն ունեցող տարբեր երկրների քաղաքական վիճակը:
Շարմազանովը կարևորեց հայ երիտասարդների դիվանագետ լինելու կարողությունը` կոչ անելով նրան համընթաց քայլել և ետ չմնալ աշխարհից. «Մենք պետք է հասկանանք` ի՞նչ ենք ուզում և չձեռնարկենք որևէ զգացմունքային քայլ: Պետք է տարբեր պետությունների հակասություններից անվնաս դուրս գալ ` ստեղծելով մեր պետական շահը»:
Խոսելով Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունների մասին` Շարմազանովը հստակեցրեց.« Մեզնից շատերն անգամ չեն էլ պատկերացնում, որ Հայաստանն այսօր չհայտարարված պատերազմի մեջ է: Մենք պետք է պատրաստ լինենք 21-րդ դարի նետած մարտահրավերներին: Մեր հարևան պետությունն ինքանահաստատման լուրջ խնդիրն ունի: Նավթադոլարներից գլխապտույտի մեջ ընկած Ալիև կրտսերը ֆաշիզմի լուրջ դրսևորումներ է ցուցաբերում: Իսկ մենք ազգայինը քարոզելու համար պետք է օգտագործենք հնարավոր բոլոր տարբերակները, մինչև անգամ` տեղեկատվության տարածումը սոցիալական ցանցերում»:
Դասախոսության ավարտին Էդուարդ Շարմազանովը հորդորեց ուսանողներին չբողոքել հայրենիքից, այլ ճանաչել և սիրել այն: