Մանկավարժական համալսարանում շարունակվում է «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» թեմայով տարածաշրջանային գիտաժողովը:
.jpg)
Բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու և աջակցելու նպատակով Հայաստան ժամանած Մանկավարժականի հյուրերին` «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» ծրագրի ստեղծման և զարգացման գործընթացում մեծ ավանդ ունեցող պրոֆեսորներ Դավիթ Սոկոլոֆին (Օրիգոնի համալսարան, Յուդժին, ԱՄՆ), Ալեքսանդր Մազոլինիին (Սվինբուռնի տեխնոլոգիական համալսարան, Մելբուռն, Ավստրալիա) և Զոհրա Բեն Լակհդարին (Թունիսի համալսարան, Թունիս):
Օտարերկյա հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին գիտաժողովի կազմակերպման եւ անցկացման կապակցությամբ, նկատելով սակայն, որ գլխավոր խնդիրը մնում է հաղորդակցությունը: Ի դեպ, գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն էր:
Բուհի ռեկտորը վստահեցրեց`ամեն ինչ արվում է լեզվական անջրպետը հաղթահարելու համար. «Համալսարանի որդեգրած քաղաքականության արդյունքում`մեր ուսանողները չորս տարի անց կկարողանան աշխատել բացի մայրենի լեզվից առնվազն մեկ օտար լեզվով: Նման ձեռնարկները հաճախակի դարձնելով`ապագա ուսուցիչները կզգան լեզվի անհրաժեշտությունը եւ ստիպված կլինեն զբաղվել ինքնարկթությամբ և տիրապետել լեզվին» :

Յուրաքանչյուր տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվող գիտաժողովը Մանկավարժականում անցկացնելու համար ՀՊՄՀ Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էդվարդ Կոկանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել ծրագիր, որում հիմնավորել է գիտաժողովի անցկացումը բուհում:
Վերջինս վստահ է` գիտաժողովում ներկայացվող ակտիվ ուսուցման մեթոդը հնարավորություն կտա կյանքի կոչել մանկավարժական նորագույն տեխնոլոգիաները. «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցման մեթոդը ենթադրում է գիտելիքների ձևավորում ֆիզիկական երևույթների անմիջական դիտարկումների հիման վրա, և հնարավորություն է ընձեռում սուղ միջոցներով լիարժեք կրթություն իրականացնել նվազ հագեցած լաբորատորիաների պայմաններում:
Այս մեթոդի կիրառումը կհանգեցնի ֆիզիկայի, մասնավորապես՝ օպտիկայի և ֆոտոնիկայի նկատմամբ ավագ դպրոցի աշակերտների և բուհի ուսանողների հետաքրքության բարձրացմանը, կնպաստի աշակերտների մասնագիտական ուղղորդմանը դեպի բնական գիտություններ: Այն հնարավորություն կտա գործնականում ճանաչել գիտությունը»,- նշեց Էդվարդ Կոկանյանը: