ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ գիտաժողովն ավարտվեց
24.11.2012

Մանկավարժական համալսարանում ամփոփվեցին նոյեմբերի 19-23-ը անցկացվող «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» թեմայով տարածաշրջանային գիտաժողովի աշխատանքները:

Երևանի և Հայաստանի մարզերի ավագ դպրոցների, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Գյումրու պետական մանկավարժական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Իրանի իսլամական հանրապետության Թավրիզի համալսարանի ֆիզիկայի, օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառի շուրջ 30 երիտասարդ հետազոտողներ, դասախոսներ, մագիստրատուրայի ուսանողներ, հայցորդներ և ասպիրանտներ մասնակցեցին գիտաժողովի աշխատանքներին:
«Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» ծրագրի ստեղծման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող տարբեր երկրների մի շարք անվանի պրոֆեսորներ հինգ օր շարունակ երիտասարդ ֆիզիկոսների հետ փորձարկեցին ակտիվ ուսուցման մեթոդները:
Ավստրալիայի Սվինբուռնի տեխնոլոգիական համալսարանի գիտնական Ալեքսանդր Մազոլինին առաջին անգամ էր Հայաստանում: Արևի և մարդկանց ջերմության պակաս չզգացած ֆիզիկոսը հիացած է երիտասարդ հայ ֆիզիկոսներով, նրանց գիտելիքներով և սովորելու անհագ ձգտմամբ:
<<Գիտաժողովի մասնակիցների ընտրությունը շատ լավ էր կատարված. արդյունքներից ևս գոհ եմ: Աշխարհի բոլոր ֆիզիկոսները նման են իրար, սակայն հայերն առանձնանում են իրենց ջերմությամբ և աշխատասիրությամբ: Առողջ աշխատանքային մթնոլորտը մեզ մի քանի օրերի ընթացքում դարձրեց մի մեծ ընտանիք>>,-ասում է Ալեքսանդր Մազոլինին:
Մանկավարժական համալսարանի ուսանողուհի, ապագա ֆիզիկոս Անուշ Մովսեսյանը, տեսնելով երկրաչափական օպտիկայի, լույսի ուղղագիծ տարածման, անդրադարձման և բեկման, մթնոլորտի օպտիկայի, օպտիկական հաղորդակցության մասին օտարերկրյա գիտնականների կատարած փորձերը, հասկացել է` նույնիսկ բարդ համարվող ֆիզիկան կարելի է մատուցել պարզ ու հասկանալի:
<<Պարզ ֆիզիկական երևույթների ինտենսիվ մեթոդներով կատարված փորձերն ամրապնդեցին տեսական գիտելիքներս` ֆիզիկայի հանդեպ մեծացնելով հետարքրքրությունը: Դեռևս դպրոցական դասագրքերից գիտեի, թե ինչպես են ստանում ծիածանը, սակայն երբ ինքդ ես պրիզմայի օգնությամբ, լազերի միջոցով ստանում այն` աննկարագրելի զգացողություն ես ապրում >>,-մեծ ոգևորությամբ պատմում է Անուշը:
Գիտաժողովի տեխնիկական խմբի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Սաֆարյանը ընդգծում է`գիտաժողովը տարբերվում է նախորդներից: Արդենչի էլ հիշում` արդյո՞ք մասնակցել է այնպիսի գիտաժողովների, որոնց աշխատանքային խմբերը միաժամանակ բաղկացած լինեն ուսանողներից, մագիստրոսներից, ուսուցիչներից և գիտնականներից:
Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էդվարդ Կոկանյանը, ում ջանքերի շնորհիվ գիտաժողովն անցկացվեց Հայաստանում` Մանկավարժականում, չի թաքցնում` արդյունքը գերազանցեց սպասելիքները:
Ակտիվ ուսուցումն ապահովեց նույքան ակտիվ մասնակցություն, իսկ փորձառու մասնագետները սովորեցին սովորեցնելու նոր մեթոդներ.<<Երբ Օուլուի համալսարանի մեր ֆին գործընկերներն ասում էին, որ դասապրոցեսում ուսանողներն առավել ակտիվ են` մենք զարմանում էինք: Գիտաժողովից հետո հասկացանք` նրանց խոսքերում կան ռացիոնալ հատիկներ>>,-հավելեց Էդուարդ Կոկանյանը:
Հիշցնենք, որ «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» նախագիծը սկիզբ է առել 2003 թվականից, այն նախաձեռնվել էՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Օպտիկական միության (OSA), Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային միության (SPIE), Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) և Ֆիզիկայի ուսուցման Ասիական համացանցի (ASPEN) մասնագետներից կազմված միջազգային աշխատանքային խմբի կողմից:
Ծրագիրը փորձարկվել է ԱՄՆ-ում և մի շարք այլ զարգացած երկրներում՝ ի սկզբանե նպատակաուղղված լինելով ուսանողների մոտ ֆիզիկայի հիմնարար սկզբունքների յուրացման բարձրացմանը:
Գիտաժողովն անցկացվեց Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի շրջանակում: