ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի դասախոսները` ԼՂ բանակի զորամասերում
26.11.2012
Մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Վոլոդյա Գասպարյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերում հանդես եկան դասախոսություններով:
Մանկավարժներն անդրադարձան բանակ-հասարակություն կապի, զինծառայողի բարձր առաքելության, Երուսաղեմում հայկական ժառանգության, հայկական համայնքի հարցերին:
Դասախոսության շրջանակում` զինծառայողները դիտեցին Երուսաղեմում հայկական համայնքի կյանքի, հայկական մշակույթի մասին պատմող տեսաֆիլմ:
Հետաքրքրված զինծառայողները մի շարք հարցեր ուղղեցին ոլորտի մասնագետներին:
Ռազմական հոգեբան Հակոբ Թադևոսյանը վստահ է` այցը կնպաստի սահմանապահ զինծառայողների մոտ ազգի պատմության, ազգային բանակի դերի ու կարևորության գիտակցության ձևավորմանը:
«Մանկավարժականի կողմից կազմակերպված և արդեն ավանդույթ դարձած նմանատիպ հանդիպումներն ու դասախոսությունները զորամասերում` հայրենիքի հանդեպ սիրո և ազգային հպարտության ամրապնդման, զինծառայողներին քաջալերման, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման, հայրենիքում և հայրենիքից դուրս ապրող իրենց հայրենակիցների կենսակերպի, հայկական մշակույթի ժառանգության ծանոթացման կարևոր բաղկացուցիչն է»: