Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիան` հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ անցկացրել է հոգեբանության ասպարեզում տպագրված լավագույն գիտահետազոտական աշխատանքների մրցույթ:
Մրցույթի աշխատանքները համակարգել է Ռուսաստանի Դաշնության հնագույն բուհերից մեկը` Յարոսլավի համալսարանը:
Նախապես հայտարարված մրցույթին և «21-րդ դարի հոգեբանությունը» թեմայով կոնգրեսին մասնակցել է նաև ՀՊՄՀ տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը:
Վերջինս արժանացել է «Ռուսաստանի լավագույն հոգեբան» կոչմանը` միաժամանակ ստանալով Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի Պատվավոր նշան:
Մրցույթի պահանջերի համաձայն` կազմակերպվել է փորձաքննություն և բալային համակարգով գնահատվել ներկայացվածը. հատկապես կարևորվել է մասնակիցների վերջին հինգ տարիների կատարած աշխատանքները:
Վլադիմիր Կարապետյանը մրցույթին ներկայացրել էր շուրջ 52 աշխատանք` համապատասխան ամփոփումներով:
Պրոֆեսոր Կարապետյանի` «Անձի ինքնագնահատականի փորձարարական ուսումնասիրումը «ես» հայեցակարգի և պսիխոսեմանտիկայի տեսանկյունից» գիտական հոդվածը զետեղվել է կոնգրեսի հրատարակած հատորյակում:
Նշենք, որ ակադեմիայի կազմում ընդգրկված են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ: