Սպիտակ խաղաքարերով իսպանական պարտիայի, թագով գամբիտի, իսկ սևերով` սիցիլիական պաշտպանության խաղաոճի կողմնակից Արմեն Աբրոյանը Մանկավարժական

համալսարանում անցկացվող ներբուհական արագ շախմատի ֆակուլտետային առաջնության հաղթողներից է:
Ապագա քաղաքագետը մարդկության ստեղծած ամենահին, բարդ և հետաքրքիր սպորտաձևով հրապուրվել է դեռևս վաղ տարիքից: Հայրիկի օգնությամբ տիրապետելով արքայական խաղի քայլերին, մարզելով միտքն ու տրամաբանությունը` 11 տարեկանում ստանում է առաջին կարգ:
Հարձակողական ոճի շախմատի սիրահարը կարծում է, որ այն կյանքի մոդելն է. խաղաքարերի դասավորությունն ու խաղի ընթացքն այստեղ, ինչպես և կյանքում, շատ արագ են փոխվում.«Ուրախ եմ, որ Մանկավարժականը ևս վարակված է շախմատով. մեր բուհում շատ են խելացի և սրամիտ երիտասարդները, ովքեր մինչ այս խուսափել են ցուցաբերել իրենց խաղային ունակությունները: Վստահ եմ` շախմատը կօգնի բոլորիս դառնալ առավել ինտելեկտուալ, զարգացնել միտքն ու տրամաբանությունը»:

Ներբուհական 2012-ի արագ շախմատի ֆակուլտետային առաջնությանը մասնակցելու համար 1-ին կարգի դիպլոմներ հանձնվեցին նաև Նորայր Նազարյանին, Նորայր Սահակյանին և Նոննա Ղալեչյանին:
Մանկավարժական համալսարանի Ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, շնորհավորելով առաջնության հաղթողներին, հույս հայտնեց, որ առաջնությունը կօգնի պատվով հանդես գալ նաև միջբուհական առաջնություններում:
«Մանկավարժականն այսօր լուրջ բարեփոխումներ է իրականացնում. դուք այսուհետ հնարավորություն կունենաք հմտանալ նաև այս սպորտաձևում: Առաջիկայում շախմատը կընդգրկվի նաև ուսումնական ծրագրերում` լրացնելով հանրակրթական դպրոցներում շախմատ դասավանդող ուսուցիչներ ունենալու բացը»:
Առաջնության հաղթող թիմի` Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը ևս կարևորեց նման առաջնությունների անցկացումը.«Պետք է քաղել այն պտուղները,

որոնք տալիս է համալսարանը`հասարակության համար դառնալով բանիմաց մանկավարժներ»`խորհուրդ տվեց նա:
Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված շախմատային առաջին ներբուհական առաջնությանը մասակցում էին բուհի տասը ֆակուլտետներից կազմված 8 թիմեր:
Երկու օր տևած առաջնությունում 1-ին տեղն ամենաբարձր՝ 14 միավորով գրավել էր Պատմության և իրավագիտության ֆակուլտետի շախմատի թիմը, 2-րդ տեղը 11 միավորով` Սկզբնական կրթության և Հատուկ կրթության ֆակուլտետների միասնական թիմը, իսկ 3-րդ տեղը՝ 9 միավորով Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի թիմը:
Նշենք, որ հաղթող թիմին շնորհված գավաթը կլինի փոխանցիկ: