ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ձեռագործ խաղեր`առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար
28.11.2012
«Այգեպանն իր այգում հավաքել է մրգեր ու որոշ բանջարեղեններ և լցրել մեկ արկղի մեջ: Հիմա դու պետք է առանձնացնես դրանք ըստ համերի` քաղցր, թթու, կծու, ապա դնես համապատասխան զամբյուղում»,-Հատուկ հոգեբանություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Հովսեփյանը բացատրում է «Համեղ ամառ» խաղի կանոնները:
«Առանձնահատուկ կարիք ունցող երեխաների համար նախատեսված խաղի նպատակն է բացահայտել կրտսեր դպրոցականների համային զգոցողություններն ու, ըստ այդմ, որոշել`խաղն անցկացնել վերբալ տարբերակով, թե ոչ»,-հավելում է ապագա հատուկ մանկավարժը:
Լիլիթ Թովմասյանի՝ բնական հումքից պատրաստած խաղի նպատակն է առանձնահատուկ կարիք ունցող երեխաների շոշափելիքի, գեղագիտական ճաշակի, մտածողության և մոտորիկայի զարգացումը:
Ներկայացված այս և մի շարք ձեռագործ խաղերի կարելի էր հանդիպել Հատուկ կրթության ֆակուլտետի կազմակերպած ցուցահանդեսում:
Ցուցահանդեսի միտքը ծնվել է «Սուրդոհոգեբանություն» դասընթացի շրջանակում, որի նպատակն էր խաղերի միջոցով օգնել լսողության խանգարում և սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների զարգացմանը:
«Այս խաղերն ունեն ինչպես շտկող, այնպես էլ զարգացնող նշանակություն:
Դրանք հնարավորություն կտան զարգացնել սահմափական կարողություններով երեխաների իմացական ոլորտը, ինչպես նաև բարձրագույն հոգեկան ֆունկցիաները` ուշադրությունը, մտածողությունը, հիշողությունը, համային զգոցողությունները, երևակայությունը, շոշափելիքն ու տեսողական ընկալումը»,-նշեց ցուցահանդեսի նախաձեռնող, սուրդոմանկավարժ Սվետլանա Մուրադյանը:
Վերջինս վստահ է` դրանք կօգնեն նաև նախադպրոցական տարիքում չափազանց կարևոր խոսքային շնչառության զարգացմանը:
Արդեն ավանդույթ դարձած տեսական գիտելիքները գործնական միջոցառումներով համեմող Հատուկ կրթության ֆակուլտետեի դեկան Արմենուհի Ավագյանը շատ է կարևորում նման ցուցահանդեսները.«Մեր մասնագիտությունը պահանջում է երևակայություն և հմտություններ:
Ուսանողներից շատերն են ասում, որ պրակտիկայի ընթացքում կցանկանային կիրառել այս կամ այն խաղը. սա լավ հնարավորություն է պրակտիկայում օգտագործել ինքնուրույն պատրաստած դիդակտիկ նյութերն ու սովորել միմյանցից»:
Ֆակուլտետի դեկանը հավելեց, որ ցուցահանդեսը կօգնի նաև կրթական և բուժական հաստատությունների համար պատրաստել որակյալ մասնագետներ: