Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի «Թումանյանական ակումբ»-ն ու «Գրական ստուդիան» ներկայացրին «Թումանյանական ընթերցումներ» խորագրով գրական ցերեկույթ:

Երևանի գրողների միության նախագահ, ռուս գրականության ամբիոնի դասախոս Աբգար Ափինյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում` ապագա գրաքննադատները ներկայացրին «Հ. Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը», «Հ. Թումանյանը և Հայ գրողների կովկասյան ընկերությունը>>,« Հ. Թումանյանի էպիկական ոճի ձևավորումը», «Հ. Թումանյանի պոեմները` <<Մարոն>>, <<Լոռեցի Սաքոն>>, <<Թմկաբերդի առումը>>, «Հ. Թումանյանը` խմբագիր» թեմաներով զեկուցումներն ու մի շարք բանաստեղծությունների վերլուծություններ:
Թումանյանական երեկոյին ներկա էին երիտասարդ գրողներ Սուսաննա Ղազարյանը, Դավիթ Ասատրյանն ու Դավիթ Մշեցին:
«Այս միջոցառումը թումանյանական ավանդույթներին մոտենալու յուրատեսակ ձև է: Հատկապես մեր օրերում կարևոր է խոսել հումանիզմի, գթասրտության մասին: Ժամանակակից մշակութաբանությունը հումանիզմը դիտում է իբրև արվեստի գլխավոր չափանիշ: Այդ ոգով ստեղծագործողը պետք է մատնացույց անի մարդկային սխալները, սակայն, երբեք չդառնա մարդատյաց` զերծ մնալով հայհոյանքներից ու վիրավորանքներից. դա հումանիզմ չէ»,-նշեց Բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը:
Վերջինս ցավով նկատեց, որ ժամանակակից աշխարհում շատերը գրականության և արվեստի տարբեր ստեղծագործություններում մարդուն դարձնում են ծաղրի առարկա:
«Մենք հռչակում ենք հումանիզմը` որպես արվեստի ապագայի գերակա սկզբունք.այն հատկապես պետք է պահպանեն գրողները: Ձեր զեկույցներում ակնհայտ էր` գիտականի և հոգու ապրումների համադրումը>>,-հավելեց Աբգար Ափինյանը:

