ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պրեմիերա Մանկավարժականի բեմում
29.11.2012
Ծերունի հայրն ու մայրը, վերցնելով մթերքներով լի զամբյուղը, այցելում են ռազմաճակատում գտնվող որդուն: Լիաթոք ծիծաղ, պար.խնջույքը կազմակերպվում է պատերազմի ժամանակ` հրանոթների կրակոցների ներքո:
Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի բեմում էպոտաժային իսպանացի դրամատուրգ Ֆերնանդո Արրաբալի «Խնջույք» տրագիկոմեդիայի պրեմիերան է:
Անհեթեթ միջավայր, արարքներ, պատերազմ. ծուռ հայելու անդրադարձմամբ` դրամատուրգիական աբսուրդի ոճով բեմադրված ներկայացման մեջ ամեն ինչ հասցված է ծայրահեղության:

«Առաջ պատերազմները գունավոր էին, ես թշնամուն սպանելուց առաջ Տերունական աղոթքն եմ արտասանում, իսկ դուք ի ծնե՞ եք թշնամի»,- Ուսանողական թատերախմբի երիտասարդ դերասանների արտաբերած յուրաքանչյուր բառը ստիպում է մտածել:
Բարիկադների հակառակ կողմում պատերազմող երիտասարդը պատահականությամբ հայտնվում է թշնամու կողքին:
Հակառակորդի հոգատար ծնողների միջամտությամբ` րոպեներ անց բարեկամանում է, միանում խնջույքին և պատմում գլխովն անցածը:
«Ես խրամատներում կտորից ծաղիկներ եմ պատրաստում, որ չձանձրանամ: Առաջ դրանք ընկերուհուս էի ուղարկում, այժմ մեկական ծաղիկ եմ դնում ամեն մի սպանվածի հետ,-ասում է հերոսներից մեկն ու ավելացնում,-ինչքան էլ պատրաստեմ, միևնույն է պետք կգան»:
«Գեներալն ասում է, որ մեր թշնամիները գերիների ճտքակոշիկների մեջ քարեր են լցնում, որ քայլելիս ոտքերը ցավեցնեն»,-հանկարծ հիշում է զինվորը: «Մեր գեներալն էլ նույն բանն էր ասում»,-հավելում է գերին:
Կարճ ժամանակ անց նրանք հասկանում են, որ իրենց անամոթաբար խաբել են. պատերազմը հրահրել են վերևներում, իսկ իրենք չենք կարող թշնամիներ լինել, որովհետև չափազանց նման են իրար:
«Ներկայացումն արդիական է, այն սովորեցնում է անկախ ազգությունից, կրոնից սիրել իրար: Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 10 տարի առաջ: Նոր բեմադրությունը ևս մեկ անգամ կոչ է անում չպատերազմել, չոչնչացնել իրար: Սա խաղաղության մասին է»,-հավելում է Ռեժիսուրայի ամբիոնի դասախոս, ներկայացման ռեժիսոր Հերբերտ Գասպարյանը:
Ինչպես պիեսի ողջ ընթացքը, այնպես էլ ավարտը անսպասելի է և հանկարծակի: «Մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը»,-հասկանում են հերոսները: Սակայն, կրկին սկսվում է ռմբակոծությունը` անավարտ թողնելով «խաղաղության պարը»: