ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեցին էկոլոգիական ֆորումների արդյունքները
29.11.2012
Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը և նույն ամբիոնի դասախոս Ռուզաննա Սադոյանը ոլորտի մասնագետներին և ուսանողներին ներկայացրին մի շարք գիտաժողովներում իրենց բարձրացրած էկոլոգիական հիմնախնդիրները:
Անդրադառնալով Հունաստանի Ռոդոս կղզում կայացած «Քաղաքակրթությունների երկխոսություն» գիտաժողովին` Կարինե Դանիելյանը ներկայացրեց «Գլոբալ քաղաքակրթության անցումը կայուն զարգացման.տեսությունը և իրականացումը» թեման:
Վերջինս նշեց, որ գիտաժողովում քննարկվել են համաշխարհային գործընթացները, առաջարկվել է կազմակերպել միջկրոնական երկխոսություն. «Մեծ կրոնների գաղափարախոսությունը համահունչ է կայուն զարգացման գաղափարախոսությանը. սա է երկխոսության զարգացման հիմքը»,-նշեց Կարինե Դանիելյանը:
Նա չթաքցրեց` սա յուրատեսակ պայքար է Արևելքի և Արևմուքի միջև, որտեղ հաղթողն Արևելքն է:
Ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի կազմակերպած գիտաժողովի աշխատանքները` Կարինե Դանիելյանը նշեց, որ անդրադարձել է «ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթաժողովի (Ռիո +20) աշխատանքների արդյունքներների ամփոփմանը.«Գիտաժողովի ընթացքում կայուն զարգացման համատեքստում քննարկվեցին գլոբալ և ազգային գործընթացները, Հայաստանի մասնակցությունն այդ ծրագրին, ինպես նաև ԱՊՀ երկրների հնարավոր համագործակցությունը»:
Խոսելով Թիֆլիսում անցկացված Սոցիալական ֆորումի մասին`բնապահպանն ընդգծեց, որ «Արևելյան գործընկերության» երկրներն անդրադարձել են Էներգետիկ, կլիմայական և շրջակա միջավայրի խնդիրներին:
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գիտական և ստեղծագործական մտավորականության VII համաժողովում Մանկավարժականը ներկայացրած Ռուզաննա Սադոյանը նշեց, որ Էկոլոգիայի, բնապահպանության ոլորտը ներկայացված էր առաջին անգամ:
«Գիտաժողովի մասնակից հետխորհրդային բոլոր երկրներն ունեն միևնույն խնդիրները: Մեր մասնաճյուղում ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ, բարձրացվեցին մի շարք հիմնախնդիրներ, արվեցին փորձեր դրանց լուծումները գտնելու համար: Հետաքրքիր էր իմանալ` դեռևս խորհրդային ժամանակաշրջանում Իսիկուլի լճում ձվադրած Սևանի իշխանի պոպուլիացիան: Ցավով պետք է արձանագրեմ` իշխանը վտանգված է նաև այնտեղ»:
Էկոլոգն ուրախությամբ տեղեկացրեց, որ 2013 թվականն ԱՊՀ-ում հայտարարված է բնապահպանական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարի:
Հանդիպման ավարտին Կարինե Դանիելյանը հորդորեց` հնարավորության դեպքում ակտիվորեն մասնակցել միջազգային բոլոր ֆորումներին: