ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում է Աշոտ Ջազոյանը
30.11.2012
Հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրման 90-ամյակի շրջանակում շարունակում է հյուրընկալել բուհի բարեկամներին: Այս անգամ համալսարանում էր Ժուռնալիստական միությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար, պրոդյուսեր, սցենարիստ, բազմաթիվ հաղորդումների և գեղարվեստական ֆիլմերի հեղինակ, ռուսաստանաբնակ Աշոտ Ջազոյանը:
Վերջինիս Մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհեց բուհի 90-ամյակը խորհրդանշող մեդալ: «Աշոտ Ջազոյանը Հայաստանում է «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի շրջանակում: Ռուսական հայտնի լրատվամիջոցների ղեկավարներն ու առաջատար լրագրողները վարպետության դասեր են անցկացնում հայ լրագրողների համար: Ես հպարտ եմ, որ Ձեր անմիջական միջամտությամբ նրանք հնարավորություն ունեն ճանաչել մեր երկիրն ու ժողովրդին»:
Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Աշոտ Ջազոյանին` հեռուստառադիոլրագրության բաժնում օրերս անցկացրած վարպետության դասի համար:
Նա, չթաքցնելով հուզմունքը, նշեց. «Ռուբեն Միրզախանյանի հետ ծանոթացել եմ ավելի քան 30 տարի առաջ: Նա այն ժամանակ էլ երիտասարդ մտավորականության սերնդի վառ ներկայացուցիչ էր: Ուրախ եմ, որ հայազգի Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող բուհը հենց նա է ղեկավարում: Նրա նմաններն անհրաժեշտ են հայ իրականությանը»:
Անվանի մեդիագիտակը հավելեց, որ հիացած է Մանկավարժականի ուսանողների ուսում ստանալու անհագ ձգտմամբ.«Ես պատրաստ եմ համագործակցել բուհի հետ և դրա շրջանակում կարող ենք կազմակերպել առաջատար մասնագետների բաց-դասախոսություններն ու մասնագիտական կուրսերի ուսանողների մեկշաբաթյա պրակտիկան Ռուսաստանում»,-հավելեց Աշոտ Ջազոյանը:
Վերջինս շրջեց համալսարանում, եղավ նորաբաց թանգարանում և ցանկություն հայտնեց Տարտուի համալսարանից Մանկավարժական տեղափոխել իր պապի` Նիկոլայ Նիկողոսյանի քանդակած Աբովյանի կիսանդրին: