«Թույլ տուր ինձ սեր քարոզել ոչ թե բառերով, այլ իմ կյանքի օրինակով, իմ գործերի ոգեշնչող ազդեցությամբ, որոնք ցույց են տալիս խորությունն իմ սիրո, որ վառվում է իմ սրտում…». Մայր Թերեզայի հենց այս խոսքերով սկսվեց համանուն ֆիլմի դիտումը:
Այն կազմակերպել էր Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը:

Միջոցառման նպատակն էր խթանել ուսանողների ճանաչողական հետաքրքրությունները, մարդասիրական գաղափարների տարածումը և հոգեբանական խնդիրների վերհանումը:
Ֆիլմի դիտմանը հաջորդեց մասնագիտական վերլուծություն և քննարկում:
Միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ Գիտական և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտր Արա Երեմյանը, Մայր Աթոռ միաբանության ներկայացուցիչներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, մանկավարժներ:
Մայր Թերեզայի կերպարի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին Վարազդատ սարկավագը, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս, սոցիոլոգ Գայանե Ասատրյանը, Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան Ծովինար Մկրտչյանը:
Կերպարի հոգևոր և հոգեբանական վերլուծության ընթացքում բարձր ակտիվություն ցուցաբերեցին նաև ուսանողները:
Մասնագետներն ու ուսանողներն առաջարկեցին նման հանդիպումները, ֆիլմի դիտումներն ու միևնույն խնդրի շուրջ քննարկումները դարձնել պարբերական: