ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի թանգարանում էին հատուկ կարիքներ ունեցող երեխաները
03.12.2012
Մանկավարժականի թանգարանում էին հատուկ կարիքներ ունեցող երեխաները
Մհերը, Արմենն ու Ռազմիկը սովորում են Երևանի թիվ 12 հատուկ դպրոցում: Մի քանի վայրկյանում նրանք սովորական աշակերտներից կարծես վերածվեցին հայ ժողովրդի կյանքումանուրանալի դեր ունեցող անձանց` Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և Վռամշապուհ արքայի:
 
 
Մանկավարժականի նորաստեղծ թանգարանում մի պահ 405 թվականն էր`հագեցած ժամանակաշրջանին բնորոշ իրադարձություններով:
 
 
Հայոց գրերի գյուտի ստեղծումն ու դրանից հետո հայ ժողովրդի պատմության նոր շրջանը խաղի միջոցով ներկայացնելու տարբերակը նպատակաուղղված էր կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների ճանաչողական զարգացմանը:
 
 
Հաշմանդամների միջազգային օրվա առիթով Մանկավարժական համալսարանի նորաստեղծ թանգարանը հյուրընկալել էր թիվ 12 հատուկ դպրոցի աշակերտներին: Վերջիններս զարմացած էին ու հիացած. նրանց <դիմավորում էր> անձամբ Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանը` հղելով իր ուղերձը, կրթության և գիտության մասին կարևոր մտքերը:
Թանգարանի կրտսեր այցելուն` 11-ամյա Մհեր Հովհաննիսյանը, շրջեց թանգարանում, վերհիշեց դասերի ընթացքում սովորածը, պատմեց Մեսրոպ Մաշտոցի, Խաչատուր Աբովյանի մասին: Լսելով թանգարանում հնչող ծանոթ երգը` ձայնակցեց Կոմիտասին, ապա խոստացավ`դեռ վերադառնալու է:
 
 
Համար 12 հատուկ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Ասատրյանը աշակարտներից պակաս տպավորված չէ: Վստահ է` թանգարան այցելությունը կտա իր պտուղները: Անդրադառնալով օրվա խորհրդին` հարդորեց չխղճալ հատուկ կարիք ունեցող երեխաներին, այլ ուշադրությունը սևեռել նրանց առավելություններին, լիարժեք և հավասար իրավունքների պահպանմանն ու հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցությունը։
 
Այցելության ավարտին բուհի հյուրերը նորաստեղծ թանգարանին նվիրեցին Արարատ լեռը պատկերող ձեռագործ նկար: