Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Հաշմանդամների առօրյան Հայաստանի Հանրապետությունում և նրանց կենսամակարդակի բարձրացման հիմնախնդիրները» թեմայով
գիտաժողովը:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի կողմից անցկացվող գիտաժողովը նպատակ ուներ Հաշմանդամների միջազգային օրվա 20-ամյակի շրջանակում ևս մեկ անգամ վեր հանել Հայաստանում ապրող հաշմանդամների խնդիրներն ու նրանց ուղղված մարտահրավերները:
Գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձան սահմանափակ ունակություններ ունեցող երեխաների սոցիալականացման, մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների ինտեգրման հիմնախնդիրներին, նրանց հետ տարվող մանկավարժական աշխատանքների առանձնահատկություններին, հատուկ կարիքով երեխաներ ունեցող ընտանիքի դաստիարակման դժվարություններին և այլն:
Մասնագետները միակարծիք են` սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ չունեն հավասար իրավունքներ և հնարավորություններ: Այսօր հաշմանդամների խնդիրներով զբաղվում են միայն հասարակական կազմակերպությունները, իսկ պետությունն ունի մինիմալ դերակատարում:

Խոսելով հաշմանդամների խնդիրների մասին՝ Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Գասպարյանն ընդգծեց սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց կենսամակարդակի խթանմանն ուղղված սոցիալական ձեռնարկատիրական գործունեության կարևորությունը. «ԱՄՆ-ում 40-50-ական թվականներին ստեղծված բարեգործական հիմնադրամները հնարավորություն տվեցին ստեղծել սոցիալական ձեռնարակություններ` իրենց աշխատանքներում ներգրավվելով սահմանափակ կարողություններ ունեցողներին:
Ցավալի է, որ ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեության ընթացքում ձեռներեցները հաշվի են առնում շահույթի քանակը`մոռանալով մարդասիրության մասին: Մենք ունենք գործարարաների մի մեծ բանակ, բազմաթիվ ՀԿ-ներ, մասնագետներ և բոլոր նախադրյալները` սոցիալական ձեռներեցության ներդրման և տարածման համար»:
Ներառական մանկապարտեզների, ցերեկային խնամքի կենտրոնների սակավության, զինակոչիկային տարիքում ավելորդ թղթաբանությանն ու անտեղի պիտակավորման խնդիրներին անդրադարձավ «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» բարեգործական ՀԿ-ի նախագահ Արփինե Աբրահամյանը:
Վերջինս, խոսելով Հայաստանում մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների ինտեգրվածության հիմնախնդիրների մասին, ցավով նշեց, որ բժշկափորձագիտական

հանձնաժողովներում մտավոր խնդիրներ ունեցողները ենթարկվում են ոչ ճիշտ դասակարգման: Վերջիններիս պիտակավորում են և հաշվառում իբրև հոգեկան կամ վարքային շեղում ունեցող մարդկանց`սահմանափակելով նրանց աշխատանքային կարողություններն ու զրկելով աշխատանք փնտրելու հնարավորությունից:
ՀԿ-նախագահը հորդորում է` կրթական և սոցիալ-մշակութային ծրագրերի միջոցով նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների ինտեգրմանը. «Հայաստանյան հասարակությունը, խոսելով հաշմանդամության մասին, անմիջապես պատկերացնում է ֆիզիկական խնդիրներով մարդկանց` մոռանալով մտավոր խնդիրներ ունեցողներին:
Մեր երկրում ամեն ինչ կրկնօրինակվում է. ոլորտի բարեփոխումներն իրականացվում են թռիչքային ձևով: Հոգեբանական պատնեշը հաղթահարելու և լուծումներ տալու համար երկար ճանապարհ պետք է անցնել, իրազեկել հասարակությանն ու համապատասխան աշխատանքեր իրականացնել»:
Գիտաժողովի աշխատանքների ավարտին մասնակիցները հայտնեցին իրենց տեսակետները և հանդես եկան առաջարկներով: