ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Թանգարան այցելեցին Գոգոլի դպրոցի աշակերտները
06.12.2012
Թանգարան այցելեցին Գոգոլի դպրոցի աշակերտները

Մանկավարժական համալսարանի թանգարանն ամեն օր ընդունում է ավելի քան 200 այցելու: Այս անգամ ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված թանգարանի հյուրերը Գոգոլի անվան № 35 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներն էին:

Վերջիններս շրջեցին թանգարանում, ծանոթացան բուհի ստեղծման պատմությանը, ցուցադրված նմուշներին: Ոգևորված տեսածով, իրար լրացնելով` աշակերտները պատմում էին այն ամենն, ինչ գիտեն հայ գրերի ստեղծման, Աբովյանի մանկավարժական գործունեության և կենսագրության մասին:

Լուսանկարների և տեղեկատվության առատությունը հաճելիորեն զարմացրել է նաև դասղեկ Արաքսյա Հովհաննիսյանին: Անցյալի հուշերն ու տասնամյակներ անց կրկին մայր բուհում լինելը մանկավարժին ստիպեցին մի քանի րոպե կտրվել իրականությունից:

Վերջինս վստահ է` իր աշակերտներից շատերը, տեսնելով կրթական-տեղեկատվական այս կենտրոնն ու ծանոթանալով Մանկավարժականի պատմությանը, կընտրեն մանկավարժի մասնագիտությունը:

Այցին հաջորդեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում անցկացված բաց դասը: Աշխարհագրության բաժնի 1-ին կուրսի ուսանողները Գոգոլի դպրոցի աշակերտներին ներկայացրեցին «Աշխարհագրություն» առարկան իր ողջ հմայքով: