ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հաշմանդամներն առավել քան տաղանդավոր են
07.12.2012

«Աշխարհքի կարգն է, ինչպես եկել է, էնպես էլ կգնա». հայտնի «Կիկոսի մահը» հեքիաթի այս պատգամը Մանկավարժականի բեմից ներկաներին հղեցին «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի թատերական խմբակի երեխաները:

Խմբակի գեղարվեստական ղեկավար Կարինե Մարգարյանի ջանքերով մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաները բեմում փայլեցին իրենց դերասանական ունակություններով՝ ստիպելով հանդիսատեսին հավատալ ու վստահել իրենց ուժերին:

Ներկայացման դերակատարներից Ապրելիկ Ազարյանը 2000 թվականին արագ վազքի մրցույթում զբաղեցրել է 4-րդ տեղն ու արժանացել մրցանակի: Այսօրվա ներկայացումը համարում է իր երկրորդ պարգևը. հանդիսատեսի ժպիտներն ու անսպառ ծափողջույնները նրան վստահեցրին՝ իրենք առավել քան հզոր են:

«Ներդաշնակ հասարակություն համատեղ ջանքերով» խորագիրը կրող միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով. հաշմանդամներին իրենց կատարումներով ողջունեցին «Ոսկե լարեր» կիթառի համույթը, Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողներ Տաթևիկ Սերոբյանը, Շուշան Զաքարյանը: Ի դեպ, վերջինս ժեստերի լեզվով կատարեց «Մայրիկ» երգը:

«Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի նախագահ Արփինե Աբրահամյանն իր երախտագիտությունը հայտնեց համալսարանի հետ արդյունավետ համագործակցության, ջերմ ընդունելության և ուսանողների՝ անմնացորդ նվիրումի համար:

«Յուրաքանչյուր բեմել այս երեխաների համար մեծ իրադարձություն է և անմոռաց հուշ: Այսօրվանից ստացած տպավորությունները նրանք դեռ երկար կհիշեն»,-նշեց կենտրոնի նախագահն ու ավելացրեց, որ հանդիսատեսի ջերմ ընդունելությունն էր նրանց հաջող ելույթի գրավականը:

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր:

Նշենք, որ 1992 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006 թվականին դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների պաշտպանության կոնվենցիային, իսկ արդեն 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով: