Այսօր Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ղեկավար Վիկտոր Կրիվապուսկովին: Վերջինիս բուհի ռեկտոր, պատմական

գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, շնորհեց բուհի 90-ամյակը խորհրդանշող ոսկեզօծ մեդալ:
Դիմելով հյուրին ռեկտորն ասաց. «Ձեզ սիրում, ճանաչում և հարգում են ոչ միայն Մանկավարժականում, այլև Հայաստանում: Լինելով հայ մշակույթի խոր գիտակ` դուք սրտանց սիրում եք մեր երկիրն ու հայ ժողովրդին: Ձեր անմիջական մասնակցությամբ կրթական պրոցեսը Հայաստանում զարգացման նոր փուլ է ապրում` նպաստելով հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների ամրապնդմանը»:
Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Մանկավարժականը շատ է կարևորում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ համագործակցությունը, իսկ ռուսաց լեզվի և գրականության բարձրակարգ դասավանդումը ազգային դպրոցում` ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար:
«Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ղեկավար Վիկտոր Կրիվապուսկովը, կրկին շնորհավորելով բուհի հիմնադրման 90-ամյակը, նշեց. «Ես ուրախ եմ Մանկավարժականն ու այստեղ սովորող ուսանողներին տեսնել նոր «դիմագծով» և փոփոխություններով: Մանկավարժականն ավանդույթներով հարուստ բուհ է.այն այսօր գտնվում է զարգացման բուռն շրջանում: Ես վստահ եմ, որ մեր աշխատանքները նոր փուլ կթևակոխեն`ապահովելով նոր, առավել փոխշահավետ համագործակցություն» :

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը Ռուսաստանի առաջատար` «Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության ընկերության» անունից բուհի նորաստեղծ թանգարանին հանձնեց հայ ժողովրդի մեծ բարեկամ «Վալերի Բրյուսով» –ի անվանական մեդալ ու պատվոգիր:
Ռուս և հայ ժողովուրդների` մշակույթների և մարդասիրության զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար վերոնշյալ մեդալին արժանացան նաև բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզան Թադևոսյանն ու Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, դոցենտ Իննա Սարգսյան:
