Արդեն 24 տարի է, որ դեկտեմբերի 7-ին ողջ հայ ժողովուրդը տարբեր միջոցառումներով հարգանքի տուրք է մատուցում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

1 րոպե լռություն և ներկաներից յուրաքանչյուրը վերհիշեց ահասարսուռ երկրաշարժի մասին իր իմացածը:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը` հանձինս փոխնախագահ Արուսյակ Գևորգյանի, կազմակերպել էր օրը խորհրդանշող ցերեկույթ, որի ընթացքում ուսանողները հանդես եկան երկրաշարժին առնչվող զեկուցումներով:
«Ի՞նչ ցույց տվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը» թեմայով զեկույցում Տաթև Դավթյանը բարձրացրեց տարիներ շարունակ մարդկանց հետաքրքրող հարցեր՝ հնարավոր էր արդյո՞ք կանխագուշակել Սպիտակի երկրաշարժը, ճի՞շտ է կազմված եղել Հայկական ՍՍՀ-ի տարածքի սեյսմիկ շրջանցման քարտեզը, իրականում ի՞նչ ուժի է եղել երկրաշարժը, պահպանվե՞լ են սեյսմակայուն շինարարության հիմնադրույթները և արդյո՞ք շինարարական որակը համապատասխանել է սեյսմիկայի պահանջներին:

Հաջորդող զեկույցներում ուսանողները ներկայացրեցին զոհերի, վիրավորվածների, տեղական և արտասահմանյան փրկարարների, օգնության ձեռք մեկնած պետությունների, կազմակերպությունների ճշգրիտ և իրական թվեր:
Առանձին դեպքերի նկարագրությամբ ներկայացվեց երկրաշարժից օրեր անց փլատակների տակից վիրավորների դուրսբերումն ու օգնության ցուցաբերումը:
Երկրաշարժի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի դիտումից հետո ուսանողները ներկայացրին նաև աղետի գոտու վերածնունդը, երբ ձեռնարկվեցին հետևանքների դեմ պայքարելու հզոր միջոցներ, վերականգնվեցին ավերված գյուղերն ու քաղաքները, վերագործարկվեցին հիմնահատակ ավերված գործարաններն ու քայլեր արվեցին բնակարանների կառուցման համար:
Հիշատակի խոսք հղելով երկինք՝ ուսանողներն իրենց մեծ ցանկությունը հայտնեցին, որ այլևս ոչ մի շենք, ոչ մի կառույց չփլվի, որ ամեն անգամ, երբ կտրվեն բնակարանամուտն ավետող ժապավենները, մարդիկ հավատքով ու վստահությամբ մտնեն շեմից ներս՝ իմանալով, որ այլևս երբեք հայ շինարարի շենքը չի փլվի նույնիսկ բնության ահեղ տարերքից: