ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մեր գրականության մեջ ինչ-որ բան սխալ է»
10.12.2012
«1912 թվականին Մոսկվայում լույս տեսած Վահան Տերյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորն այս տարի դարձավ 100 տարեկան: Տերյանը ստեղծագործական մեծ ճանապարհ է անցել` հասնելով բանաստեղծական պատկերի, լեզվի և կառուցվածքի անթերի կատարելության:
Այն անգերազանցելի մնաց հայ պոեզիայի պատմության ողջ ընթացքում»,- Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի ուսանողների կազմակերպած «Տերյանական ընթերցումներ» խորագրով ցերեկույթի ժամանակ նշեց ռուս գրականության ամբիոնի դասախոս, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Նրա նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանն ապագա գրաքննադատները ներկայացրին «Տերյանի վերջին գիրքը», «Տերյանի ձեռագիրը», «Տերյանի գլուխգործոցները», «Հայ գրականության գալիք օրն ըստ Տերյանի», «Տերյանի հոգևոր Հայաստանը», «Տերյանի տաղաչափությունը»,«Տերյանի բանաստեղծական ոճը», «Տերյանի կյանքը» հոդվածները:
Խոսելով Տերյանի ձեռագրի գաղտնիքի մասին`մասնակիցները նկատեցին. «Տերյանը վերջակետ չէր սիրում և դրա փոխարեն ստորակետ, կախման կետեր կամ բազմակետեր էր դնում: Դրանք նրա հոգեկերտվածքի և խառնվածքի սիմվոլներն էին, քանի որ նա ինքն էլ փոփոխական էր, հավերժ և շարունակական»:
Աբգար Ափինյանը, անդրադառնալով «Տերյանը և ժամանակակից պոեզիան» հոդվածին, նկատեց` մեր գրականության մեջ ինչ-որ բան սխալ է. ժամանակին մի ամբողջ գաղափարախոսություն էր ձևավորվել ընդդեմ Վահան Տերյանի:
Գրական ցերեկույթին մասնակցում էին ֆակուլտետի «Տերյանական ակումբ»-ն ու «Գրական ստուդիան»: Ներկա էին նաև բանաստեղծ Հարություն Հովնաթանը, երիտասարդ գրողներ Նարեկը, Դավիթ Ասատրյանն ու Դավիթ Մշեցին: