Դեկտեմբերի 11-12-ը Մանկավարժական համալսարան կայցելեն Տեմպուսի`«Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության

փոխակերպման կառավարման համար» ծրագրի գործընկերները:
Ծրագրի մեկնարկային միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին եւ 12-ին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում (Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ, Գիտական խորհրդի նիստերի դահլիճ): Եվրամիության, Հայաստանի և Վրաստանի գործընկերները համապատասխան մասնաճյուղերում կներկայացնեն ծրագրի մեջ ներգրավված իրենց հաստատությունները, ծրագրի հիմնական նպատակները, գործունեությունն ու մասնակի խնդիրները:
Վերոհիշյալ կառավարման հարցերը կքննարկեն ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական տեսանկյուններից:
«Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի շրջանակում արդեն մշակվել են համապատասխան որակավորումներ, ուսումնական վերջնարդյունքներ, դրանցով պայմանավորված գնահատման համակարգ, դասավանդման և ուսուցառման մեթոդաբանություն, ինպես նաև մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրեր:
Աշխատաքներին մասնակցում են ինչպես ՀՊՄՀ-ի, այնպես էլ շահառու բուհերի դասախոսները:
Արևելյան հարևանության երկրներից ծրագրում ընդգրկված են Հայաստանն ու Վրաստանը: Հայաստանից ծրագրին մասնակցում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնը (ՈԱԿ), ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Վրաստանից՝ Իլիայի պետական համալսարանը, Սևծովյան միջազգային համալսարանը, Շոթա Ռուստավելու անվան պետական համալսարանը, Ակակի Ծերեթելու պետական համալսարանը, Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնը, Վրաստանի ԿԳ նախարարությունը:
Մանկավարժական համալսարանը ծրագրի շրջանակում համագործակցում է եվրոպական 6 երկրներների` Գերմանիայի, (Կոբլենց Լանդաու համալսարան), Ֆրանսիայի, (Մանկավարժական դասընթացների միջազգային կենտրոն), Չեխիայի, (Մասառիկի համալսարան), Իտալիայի, (Եվրոպական նախաձեռնությունների ուսումնական կենտրոն), Մեծ Բրիտանիայի (Բաթ Սպա և Միդլսեքս) համալսարանների հետ:
Աշխատաքների արդյունավետ իրականացման համար Մանկավարժականում ստեղծվել է Կրթության մասնագետների մասնագիտական ասոցիացիա, որը ղեկավարում է Հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը:
Հիշեցնենք, որ Տեմպուսի`«Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի հոկտեմբերի 15-ին. դրամաշնորհային ծրագիրը շահած Հայկական պետական մանկավարժական համալսարանը համակարգում է աշխատաքների ողջ ընթացքը, ինչն աննախադեպ է հայաստանյան բուհերի պատմության մեջ:
Ծրագրի տևողությունը 36 ամիս է. ավարտը նախատեսված է 2015 թվականի հոկտեմբերի14-ին: Ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում Մանկավարժական համալսարանում կներդրվի կրթության կառավարում մասնագիտության ուսուցումը: