Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետն այսօր վերածվել էր տուրիստական իրական գործակալության, որն իր այցելուներին ներկայացնում էր հրաշքների երկիր

Մոլդովան` իր ողջ հմայքով և գրավչությամբ:
«Հայասի» տուրիստական գործակալություն այցելած զույգը ցանկանում էր առավելագույն տեղեկություններ ստանալ այն երկրի մասին, ուր պատրաստվում էր մեկնել՝ խոշոր ներդրումներ կատարելու և շահավետ բիզնես ծավալելու նպատակով:
Այցելուներին, ինչպես նաև միջոցառմանը ներկա դասախոսներին ու ուսանողներին գործակալության բանիմաց մասնագետները խորհուրդ են տալիս ցանկացած երկիր գնալուց առաջ պարտադիր ունենալ ընդհանուր պատկերացում այդ երկրի աշխարհագրական դիրքի, ապա նաև կլիմայի, պետական կարգի ու պատմական անցյալի մասին:

Ոլորտի մասնագետներն ավելացնում են՝ շատ կարևոր է հանգստի մեկնելուց առաջ ճշտել Հայաստանի և տվյալ երկրի հետ ունեցած հարաբերությունները, ինչպես նաև հանգիստը կազմակերպելու համար նախատեսված վայրերը, մշակույթն ու դավանանքը:
Երկրից այլ նպատակներով մեկնողները պետք է հաշվի առնեն նաև այդ երկրի բնական հարստությունները, բնակչության կենսամակարդակն ու հայկական համայնքի առկայությունը:
Լեգենդների երկիր Մոլդովան ներկաների համար բացահայտվեց նորովի. դեռ վաղ ժամանակներից Հայաստանի նման այդ երկիրն

էլ է համարվել գինու հայրենիք:
Հենց մոլդովական գինու առեղծվածային համն ու բույրը, ազգային երգի հնչյուններն էլ համոզեցին ներկաներից յուրաքանչյուրին գոնե մեկ անգամ այցելել այդ խորհրդավոր երկիր:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու Մարինե Մաթոսյանի նախաձեռնությամբ և 4-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներիկա էին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլան Հովակիմյանը, դասախոսներ և ուսանողներ: