ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դաս-սեմինար Հատուկ կրթության ֆակուլտետում
11.12.2012
Հատուկ կրթության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր ներկայացրին դաս-սեմինար, որը նախաձեռնել էր Մարդու և կենդանիների ‎ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Գոհար Մուշեղյանը:
Ուսանողներն անդրադարձան լսողական, խոսքի, տեսողական օրգանների անատոմիային, ֆիզիոլոգիային և պաթոլոգիաներին:
Պատկերների միջոցով ներկայացվեցին ականջի մորֆո-ֆունկցիոնալ առանձնահատկությունները, ախտահարումները, դրանց կլինիկական ցուցանիշներն ու կանխարգելման միջոցները:
Ապագա հատուկ մանկավարժները նկարների միջոցով պատկերացում կազմեցին լսողական վերլուծիչի կառուցվածքի, թմբկաթաղանթի վնասման պատճառների, լսողական անցուղում խցանների առաջացմանը նպաստող գործոնների մասին:
Սեմինարին ներկա այլ ֆակուլտետների ուսանողները դիտեցին նաև տեսահոլովակներ, որոնցում նկարագրված էին ականջի մեջ հայտնված օտար մարմնիկների հեռացման ձևերը, ներքին ականջի հիվանդությունների կլինիկական ընթացքը:
Մասնագիտական խորը վերլուծությամբ ներկայացվեցին նաև լսողության վերականգնման եղանակները՝ հատկապես խխունջային իմպլանտի տեղադրման միջոցով, դրա անհրաժեշտությունը, առավելություններն ու թերությունները, արտաբերական ապարատի գործունեության մեխանիզմը, շրթունքի և ձայնալարերի կառուցվածքը, դրանց կլինիկական դասակարգումը:
Տարբեր տեսանյութերի միջոցով զեկուցողներն անդրադարձան լսողության, արտաբերական ապարատի, շրթունքների ամենատարբեր խնդիրների վերականգնողական վիրահատություններին, աչքի տարածված հիվանդություններից գլաուկոմային , կատարակտային և դալտոնիզմին:
Իրենց ելույթներում ուսանողները ներկայացնում էին այդ հիվանդությունների առաջացման պատճառները՝ փորձելով թերևս իրենց համակուրսեցիների շրջանում մատնանշել այն եղանակներն ու մեթոդները, որոնց շնորհիվ կարելի է խուսափել այդ վիճակում հայտնվելուց:
Դաս-սեմինարին ներկա էին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը, Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը, դասախոսներ և ուսանողներ: