Մանկավարժական համալսարանում մեկնարկեց Տեմպուսի`«Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման

կառավարման համար» ծրագիրը:
Ոջույնի խոսքով հանդես եկավ ծրագրի` Կրթության մասնագետների մասնագիտական ասոցիացիայի ղեկավար, մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Տիգրան Այվազյանը: Վերջինս, կարևորելով ծրագրի անցկացումը Հայաստանում, հույս հայտնեց, որ մասնակիցները կցուցաբերեն ակտիվ և արդյունավետ համագործակցություն:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դիմելով ծրագրի մասնակիցներին, գործընկերներին և փորձագետներին, ասաց. «Համալսարանը պատիվ ունի հյուրընկալել եվրոպական կրթական ստանդարտներին համապատասխանող առաջադիմական, մասնագիտական ձևավորման և գիտական զարգացման արդի պահանջներին համապատասխանող ծրագրի շրջանակում:

Որպես ծրագրի համակարգողներ` մեծ հույսեր ունենք հետագա համագործակցության և համընդհանուր արդյունքները կիսելու հեռանկարի վերաբերյալ: 90 տարի շարունակ լինելով Հայաստանում մանկավարժներ կրթող բացահայտ առաջատար ուսումնական հաստատություն` գիտակցում ենք`կրթության կառավարման միջազգային ճանաչման նոր փիլիսոփայական հիմքը, որն էլ կփոխարինի անցյալի կրթության կառավարման նախադրյալներին»:
Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց` արդյունավետ համագործակցությունը կնպաստի փոխակերպվող հասարակության համատեքստում կառավարման մոդելի, հավասարակշիռ ներքին և արտաքին ղեկավարման մեթոդների, կազմակերպչական փոփոխությունների ձևավորմանը:
ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ, բուհերի համակարգման և կազմակերպման բաժնի պետ Սասուն Մելիքյանը ծրագրից

ունի լուրջ ակնկալիքներ. վստահ է` կրթության կառավարման մագիստրոսական ծրագրի ներդրումը, Մանկավարժականում համապատասխան ամբիոնի ստեղծումը կնպաստեն կրթության ոլորտի առաջնորդներ պատրաստելուն.«Նախարարությունը կարգավորում է ծրագրի իրավական դաշտը և ավարտից հետո կհոգա ծրագիրն ուսուցանողների աշխատանքի հարցը: Այն փորձի փոխանակումից զատ` կնպաստի նաև կրթական մշակույթի փոխհարստացմանը»:
Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի քաղաքականության մշակման և իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանը համոզված է` Հայաստանը որակյալ մասնագետների պակաս չունի, սակայն վաղուց արդեն հնացել են առարկաների կրթական չափորոշիչները: Ներկայացնելով ՄԱՀԱԹՄԱ ծրագրի կառավարումը, գործունեությունը, պաշտոնական կայքէջը` նշեց. «Ծրագիրը հնարավորություն կտա մշակել նոր մեթոդաբանություն և տարբեր առարկաների համար գնահատման չափանիշներ: Այն կրեդիտների կուտակման և փոխանցման, ինչպես նաև շարժունակությունն ապահովող առաջին լուրջ փորձն է Հայաստանում»:

Սուսաննա Կարախանյանը նկատեց` շուրջ 15 տարի Հայաստանը մասնակցում է Տեմպուսի ծրագրերին, սակայն սա առաջին դեպքն է, երբ համալսարանն ինքն է ղեկավարում և համակարգում աշխատանքների ողջ ընթացքը, իսկ բուհի ռեկտորն էլ իր անմիջական մասնակցությունն է ցուցաբերում դրան:
Գերմանական լեզուների ամբիոնի վարիչ, ծրագրի մասնակից Տիգրան Միքայելյանը Եվրամիության, Հայաստանի և Վրաստանի գործընկերներին ներկայացրեց Մանկավարժական համալասարանի կառուցվածքը, կառավարման մարմինները, ստորաբաժանումները, միջազգային համագործակցության եզրերը: Նա նշեց, որ բուհը կարևորում է համապատասխանելիությունը Եվրոպական չափորոշիրներին, Բոլոնիայի համակարգի ներմուծումը, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարման փոխակերպման զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ծրագրի զարգացման ռազմավարությունը, իսկ համագործակցող կազմակերպություններն էլ ներկայացրին իրենց կազմակերպությունների գործունեությունը:
Տեմպուսի`«Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի աշխատանքերը կշարունակվեն վաղը:
.jpg)