ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավասար պայքար ինտելեկտուալ մրցույթում
11.12.2012
Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի ինտելեկտուալ ակումբը «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և Գևորգյան հոգևոր ճեմարանի հետ համատեղ կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
Մրցույթին մասնակցում էին «Հույսի կամուրջ»-ի հաշմանդամություն ունեցող երեխաներն ու 10 ֆակուլտետներից ընտրված երկուական ուսանող:
«Կարս», «Արմավիր», «Դվին», «Վան», «Անի», «Բագարան» թիմերից յուրաքանչյուրում ընդգրկված էին հավասարապես և´ հաշմանդամներ, և´ ուսանողներ:
Թիմերի մասնակիցները պատասխանեցին առաջադրված տրամաբանական և իմացաբանական հարցերին՝ դրսևորելով իրենց գիտելիքները տարբեր ոլորտների վերաբերյալ:
ՈւԽ-ի ինտելեկտուալ ակումբի նախագահ Լիլիթ Վահանյանը վստահ է՝ այսպիսի միջոցառումները ոչ միայն հետաքրքիր ու բովանդակալից են դարձնում ուսանողական առօրյան, այլև նպաստում «Հույսի կամուրջ»-ի հետ երկարատև համագործակցությանը:
Տեսնելով հաշմանդամներին իրենց թիմում՝ ուսանողները կհամոզվեն, որ նրանք, հակառակ իրենց ֆիզիկական արատներին, չեն զիջում հարուստ ու խորը գիտելիքներով:
Մրցույթն ընթացավ 2 փուլով. 1-ին փուլի արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ հաջորդիվ կպայքարեն «Բագարան», «Վան» և «Դվին» թիմերը:
Արդյունքում առավելագույն միավորներ հավաքած «Վան» թիմը գրավեց առաջին պատվավոր տեղը և ստացավ հաղթող թիմի համար նախատեսված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ այլ գրքեր և պատվոգրեր: