ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտափորձ՝ հենակետային վարժարանի աշակերտների մասնակցությամբ
12.12.2012
Այսօր Մանկավարժական համալսարանի Կենդանաբանության լաբորատորիայում հյուրընկալվել էին ՀՊՄՀ հենակետային (ավագ դպրոց) վարժարանի աշակերտները:

Հումանիտար, մշակութային և բնագիտամաթեմատիկական հոսքերի 10-12-րդ դասարանների աշակերտները բուհ էին այցելել Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանի նախաձեռնությամբ:
Աշակերտները նախ դիտեցին համալսարանի մասին պատմող ֆիլմ, ապա ծանոթացան լաբորատորիային, դիդակտիկ նյութերին, դրանց մշակման եղանակներին:
Խոսելով կենդանիների թագավորության մասին՝ Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարո Քոչարյանն էլեկտրոնային մանրադիտակով կատարված ուսումնասիրությամբ առավել մանրամասն ներկայացրեց ամեոբայի սննդառությունը:

Մագիստրատուրայի ուսանողները վարժարանի աշակերտների հետ միասին կատարեցին կենդանի խեցգետինների հերձում՝ գործնականում պարզաբանելով կենդանու ներքին կառուցվածքը:
Հանդիպման ընթացքում վարժարանի սաները ակտիվորեն մասնակցեցին մասնագիտական քննարկմանը, դասախոսին և մագիստրոսներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերն ու ստացան սպառիչ պատասխաններ:
Մանկավարժական այցելած աշակերտների կենսաբանության ուսուցիչ Սեդա Վարդանյանը Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է:
Վերջինս հպարտ է. այս անգամ հարազատ բուհում է որպես ուսուցիչ և ամեն ինչ կանի, որ կրթության բնագավառում մեծ փորձ ու վաստակ ունեցող համալսարանում իր աշակերտների նմանատիպ այցելությունները լինեն շարունակական:
Բնագիտամաթեմատիկական հոսքի 11-րդ դասարանի աշակերտ Վիգեն Մկրտչյանը նախընտրում է բժշկի մասնագիտությունը: Առաջին անգամ մասնակցելով կենդանի խեցգետնի հերձմանը՝ ապագա բժիշկն այն համարում է մասնագիտական յուրօրինակ փորձ:
Վարժարանի աշակերտներն այցի վերջում շրջեցին նաև համալսարանի նորաբաց թանգարանում, ծանոթացան բուհի պատմությանն ու տարեգրությանը: