ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր ոստիկանության գնդապետը
12.12.2012
ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված աշխատանքների և ոլորտում տիրող հիմնախնդիրների վերաբերյալ հարցերն էին այսօր Մանկավարժական համալսարանի ուսանողների ուշադրության առանցքում:
Ապագա պատմաբաններն ու իրավագետները ոլորտում առկա մի շարք խնդրահարույց հարցերի պատասխանները ստացան անձամբ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանից:
Հանդիպման հենց սկզբում ոստիկանության գնդապետը կարևորեց Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը, ապա անկեղծացավ` բուհի բարձրակարգ շրջանավարտներից շատերն են համալրել ոստիկանության համակարգը:
Նելլի Դուրյանը, կարևորելով հասարակության վստահության բարձրացումը ոստիկանի մասնագիտության հանդեպ, նշեց. «Ինչպես մանկավարժի, այնպես էլ ոստիկանի, մասնագիտությունը պահանջում է նվիրում:
Ոստիկանության դերն ու նշանակությունը մեր երկրում չափազանց մեծ է: Կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը գիտակցի դա, հասկանալով, որ հասարկության զարգացումը պայմանավորված է նաև այդ օղակով» :
Գնդապետը հորդորեց` հանդուրժող լինել միմյանց նկատմամբ և հրաժարվել անտարբերության մոլուցքից:
Բաց, թափանցիկ և անկեղծ հարց ու պատասխանի միջոցով ծավալվեց հետաքրքիր զրույց.ուսանողներն ու դասախոսները հանդես եկան առաջարկներով :
«Չափազանց տպավորված եմ այս հանդիպմամբ: Կարծում եմ երկխոսությունը կայացավ. հարցադրումները մտածված էին և հետաքրքիր.դրանք խորհելու տեղիք տվեցին:Մանկավարժականից հեռանում եմ լիցքաթափված` ինձ հետ տանելով նոր մտքեր և գաղափարներ»,-armspu.am –ի հետ զրույցում նշեց Նելլի Դուրյանը:
Հանդիպման ավարտին Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը Նելլի Դուրյանին առաջարկեց մասնակցել մագիստրոսների ավարտական որակավորման քննություններին` վստահեցնելով, որ գնդապետը հենց նրանց մեջ կտեսնի ոստիկանության ոլորտի լավագույն մասնագետների: