Մանկավարժական համալսարանում ավարտվեցին դեկտեմբերի 11-12-ը ընթացող Տեմպուսի`«Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. առաջնորդների

պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագիրը:
Երկու օր տևած աշխատանքային օրերի ընթացքում Եվրամիության, Հայաստանի և Վրաստանի գործընկերները ներկայացրեցին իրենց հաստատությունները, գործունեությունը, ծրագրում ներգրավվելու հիմնական նպատակները:
Աշխատանքներն առավել կազամակերպված և թափանցիկ իրականացնելու համար հանդիպման երկրորդ օրը կողմերը քննարկեցին նաև կազմակերպչական և ֆինանսական մի շարք հարցեր:
Ծրագրի շրջանակում ձևավորված Կառավարման խորհուրդը ղեկավարում էր Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են մասնակից կազմակերպություններից մեկական ներկայացուցիչ: Առաջին նիստի ընթացքում կողմերը քննարկեցին հիմնականում ֆինանսական և տեխնիկական մի շարք խնդիրներ:
«Ծրագրի մեկնարկը միանշանակ հաջողվեց. այդ են վկայում մեր եվրոպացի գործընկերների արձագանքները: Վերջիններս ընդգծում են ծրագրի կազմակերպման բարձր մակարդակի, ինչպես նաև ներգրավված մասնագետների մասնագիտական կոմպետենտության մասին»,-armspu.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Այվազյանը:
Աշխատանքային խմբի ներկայացուցիչ, Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանը համաձայնվելով վերջինիս հետ նշեց.« Վստահ եմ` եվրոպական երկրներում և, մասնաորապես, Մեծ Բրիտանիայում հաջողություն ունեցած այս ծրագիրը նույն արդյունքը կապահովի նաև Հայասատանում: Մանկավարժականը ծրագրի շրջանակում համագործակցում է նաև Մեծ Բրիտանիայի առաջատար Միդլսեքս և Բաթ Սպա համալսարանների հետ: Մեր բրիտանացի գործընկերները փորձառու են և այս ոլորտում ունեն հարուստ պրակտիկա: Բաթ Սպա համալսարանի ներկայացուցիչը, ով կհամակարգի մագիստրոսական ծրագրի ուսումնառության վերջնարդյունքների մշակումը, մեծ գոհունակություն հայտնեց մեր մասնագետների մասնագիտական ներուժի վերաբերյալ»:

Քրիստինա Ծատուրյանը հավելեց, որ ծրագրի շրջանակում Մանկավարժականում կստեղծվի Կրթության կառավարման ամբիոն, որտեղ կպատրաստեն հենց բարձրագույն կրթության կառավարիչներ և առաջնորդներ:
Ծրագրի շրջանակում կստեղծվի նաև Կրթության մասնագետների ասոցիացիա, որը կզբաղվի կրթության ոլորտի հիմնախնդիրներով: Ասոցիացիայի քարտուղարությունը կստանձնի Մանկավարժական համալսարանը:
Հիշեցնենք, որ Տեմպուսի`«Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի նպատակն է մշակել կրթական ծրագիր` հիմնված ուսումնական վերջնարդյունքների վրա, ուսումնական վերջնարդյունքներով պայմանավորված համապատասխան գնահատման համակարգ, դասավանդման և ուսուցառման մեթոդաբանություն: Ծրագրի տևողությունը 36 ամիս է. ավարտը նախատեսված է 2015 թվականի հոկտեմբերի14-ին:
Դրամաշնորհային ծրագիրը շահած Հայկական պետական մանկավարժական համալսարանը համակարգում է աշխատաքների ողջ ընթացքը: