Մանկավարժական համալսարանում մեկնարկեց համալսարանի 90-ամյակին նվիրված «Նոր ուսուցիչ, նոր դպրոցի համար. մանկավարժական կրթության բարեփոխման հեռանկարներ.
.jpg)
տեսություն և պրակտիկա» գիտաժողովը:
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ողջունելով ներկաներին և հաջողություն մաղթելով նրանց, ասաց. «Բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված ձեռնարկների շարքում այս գիտաժողովն ունի իր առանձնահատուկ դերն ու նշանակությունը: Մենք ձգտում ենք դառնալ մեզանում նոր արմատավորվող հետազոտական համալսարան`առանց որի անհնար է պատկերացնել բարձրարգույն դպրոցի զարգացման հեռանկարները: Տարիներ ի վեր մեր երկրում գիտությունն ուներ ակադեմիական բնույթ. նոր պահանջներն այլ են, մոտեցումները ևս: Գիտաժողովում զեկուցումների թեմաների ճնշող մեծամասնությունն արդիական է և հետաքրքիր. դրանք կտրված չեն իրականությունից»:
.jpg)
Ռուբեն Միզախանյանը հավելեց` չնայած Մանկավարժականն ակտիվ մասնակցում է միջազգային մի շարք ծրագրերի, սակայն կատարվող բարեփոխումները թերի, անորակ, ոչ իրատեսական կլինեին, եթե հաշվի չառնվեր ազգային առանձնահատկություններն ու ազգային դպրոցի հարուստ ավանդույթները:
Կազմկոմիտեի պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, բուհին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Գեորգ Բրուտյանն էլ վստահեցրեց` նմանատիպ գիտաժողովները կնպաստեն, որպեսզի ապագա ակադեմիկոսներն ու պրոֆեսորները լինեն հենց Մանկավարժականի շրջանավարտները:
Լիագումար նիստի ընթացքում Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության համահամալսարանական
.jpg)
ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր Շողիկ Ոսկանյանը ներկայացրեց «Արևմտահայ դպրոցի փորձն ու կրթական ավանդույթներն ազգային դպրոցի ձևավորման գործընթացում» թեմայով զեկույցը:
Անդրադառնալով 19-րդ դարի երկրորդ կեսին Արևմտյան Հայաստանում կրթության և լուսավորության առաջընթացին`Շողիկ Ոսկանյանը նշեց, որ արևմտահայ դպրոցն ու մշակույթը, առաջնորդվելով նոր դպրոցին նոր ուսուցիչ գաղափարախոսությամբ, իրականացրել են կրթական հեղափոխություն և այդ ճանապարհով հետևողական և աստիճանաբար զարգացրել նոր դպրոցի և նոր մանկավարժության գիտական հիմնադրույթները:
«Ներկայիս բարեփոխվող կրթական գործընթացում տեղ գտած բազմաթիվ չլուծված հարցերի շատ պատասխաններ պետք է որոնել անցյալի դպրոցի և մշակույթի նշանավոր գործիչների գիտական ու լուսավորական գործունեության, նրանց գրական, հրապարակախոսական, մեթոդաբանական և մանկավարժական հարուստ ժառանգության մեջ»,-խորհուրդ տվեց մանկավարժը:
«Անձի ինքնաիրացման հոգեբանական հնարավորությունները նորամուծությունների ճգնաժամային պայմաններում» թեմայով զեկույցը ներկայացրեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը:
Վերջինս, անդրադառնալով երրորդ հազարամյակում ապրող մարդու սոցիալ-հոգեբանական հարմարման գործընթացին, նշեց, որ, պայմանավորված հասարակական ընդհանուր փոփոխություններով, զարգացման անցումային փուլի հոգեբանական մթնոլորտը և նոր սոցիալական իրավիճակներն առաջացնում են «նորամուծության շոկ»:
«Հասարակական կյանք ներթափանցած նորամուծություններն աչքի են ընկնում ոչ միայն իրենց մասշտաբայնությամբ, հանկարծակի և սրընթաց առաջացումով, այլև վնասակար ազդեցություններով: Դրանց հետևանքով անձն իրապես կորցնում է նախկինում ձևավորված կարծրատիպերը, չի պատրաստվում ընկալել նորամուծություններով պայմանավորված փոփոխությունները, որոնց արդյուքնում կորցնում է ապագայի իմաստն ու նշանակությունը»,-նշեց Սրբուհի Գևորգյանը:
Նա, մանրամասն ադրադառնալով հոգեբանական մեխանիզմներին, հույս հայտնեց, որ դրանք կօգնեն հաղթահարել կրթական համակարգում նորամուծությունների ազդեցություններն ու մարդուն բերել անձի ինքնաիրացման գործընթացին:
Նշենք, որ գիտաժողովի աշխատանքներն ըստ համապատասխան ոլորտների շարունակվեցին 7 մասնաճյուղերում: