ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական բարեփոխման նոր հեռանկարներ. ներկայացնում են ոլորտի մասնագետները
14.12.2012
«Նոր ուսուցիչ նոր դպրոցի համար» խորագիրը կրող գիտաժողովի IV մասնաճյուղում զեկուցողներն անդրադարձան բնական գիտություններին՝ ներկայացնելով մանկավարժական կրթության բարեփոխման նոր հեռանկարները:
Սեկցիայի նախագահ, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը մասնակիցներին ծանոթացրեց գիտաժողովի ընթացակարգին, կոչ արեց ցուցաբերել ակտիվ մասնակցություն և կազմակերպել առողջ գիտական քննարկում:
Կենսաբանության ուսուցման գործընթացում ավագ դպրոցի աշակերտի գիտական աշխարհայացքի ձևավորման մեթոդական համակարգին անդրադարձավ մասնաճյուղի համանախագահ, Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Թանգամյանը:
Վերջինս տարբեր աղյուսակների ձևով ներկայացրեց ստուգիչ և փորձարարական դասարանների այն տվյալները, որոնցով պարզ է դառնում, թե ավագ դպրոցի աշակերտը որքանով է պատկերացում կազմում գիտական աշխարհայացքի մասին: Տիգրան Թանգամյանն անդրադարձավ նաև 2010 թվականին լույս տեսած այն ձեռնարկին, որը ընդունվեց որպես կենսաբանության առարկայի շրջանակում աշխարհայացքը ձևավորող հիմք:
Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալետա Ներկարարյանն իր՝ «Էկոլոգիական հասկացությունների ձևավորման գիտամեթոդական հիմնավորումը» թեմայով զեկույցում կարևորեց էկոլոգիական դաստիարակությունն ու դրան ուղղված նոր մեթոդների, ուսումնական ծրագրերի ներմուծումը:
Նկատելով բոլոր մասնագետների հանդեպ ներկայացվող պահանջների մեծացումը ներկա ժամանակներում՝ Ալետա Ներկարարյանը կարևորեց հատկապես ստեղծագործող ուսուցչի դերն ու նշանակությունը քաղաքակիրթ մարդ ձևավորելու գործում:
Ծանոթանալով բազմաթիվ գիտափորձերի արդյունքներին՝ ներկաների համար պարզ դարձավ, որ էկոլոգիական դաստիարակության գործում տարվող աշխատանքը բավարար չէ. դրա արդյունքում աշակերտները ֆլորայի, ֆաունայի վերաբերյալ չունեն նույնիսկ տարրական գիտելիքներ: Ներկայացնելով նոր դպրոցի համար նոր ուսուցչի իր մոդելը՝ Ալետա Ներկարարյանն առաջարկեց վերանայել ուսումնական ծրագրերն ու առավել շատ կազմակերպել էկոլոգիական շրջայցեր:
Էկոլոգիական, դեղագործության կառավարման դասավանդման և որոշ այլ առանձնահատկություններին հաջորդ զեկույցներում անդրադարձան մասնաճյուղի մյուս մասնակիցները:
Հատուկ հոգեբանության, հատուկ մանկավարժության, առաջին բուժօգնության և սպորտի ոլորտի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան VI մասնաճյուղում:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանն իր զեկույցում ներկայացրեց Հայաստանում ներառական կրթության համակարգի ձևավորումը, այդ ոլորտում մեր պետության ունեցած հաջողություններն ու ակնկալիքները: Անդրադառնալով ներառական կրթության ոլորտում իրականացվող պարբերական վերապատրաստումներին, կոնֆերանսներին և շարունակական բարեփոխումներին՝ նա ցավով նշեց նաև ոլորտում առկա բացթողումները:
Մտավոր հետամնաց կրտսեր դպրոցականների՝ առարկաների տարածական պատկերացումների ձևավորման մոտեցումներն իր հոդվածում ներկայացրեց Հատուկ կրության ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով փոխդեկան, հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Թերեզա Ազատյանը:
Մասնաճյուղի աշխատանքները շարունակվեցին նաև այլ թեմաների շուրջ զեկուցումներով:
Հաշվի առնելով միջանձնային հարաբերությունների, սեռադերային պատկերացումների նոր որակական մոտեցումները՝ ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Գրիգորյանն իր զեկույցում անդրադարձավ երիտասարդության սեռական դաստիարակության կենսաբանաբժշկական առանձնահատկություններին:
Ընդգծելով դրանց տեսական և գիտական նշանակությունը՝ վերջինս ներկայացրեց նաև տեղեկատվական միջոցների բացասական դերն ու հետևանքները:
Այս մասնաճյուղի այլ զեկույցներում անդրադարձ եղավ նաև մանկավարժության ոլորտում աղետների ռիսկերի նվազեցման ուղիներին, դրանց մշակույթի ձևավորման առանձնահատկություններին (Պերճ Կարապետյան) և այլ թեմաների: